Հայաստանը նման է «Գ» կետ հասնել ցանկացող ուղևորի․ Զախարովա

03 Հունիսի 2026, 11:25

Քաղաքականություն

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հեգնանքով համեմատել է Հայաստանի իշխանություններին, որոնք ձգտում են միանալ Եվրամիությանը՝ միաժամանակ մնալով ԵԱՏՄ անդամ, մի ուղևորի հետ, որը ցանկանում է «Ա» կետից հասնել «Գ» կետ։

«Պատկերացրեք օդանավակայան, սպասասրահ, տարանցիկ թռիչք։ Մի քանի ուղևոր անցել են բոլոր ստուգումները՝ սահմանային, մաքսային և այլն։ Նրանցից յուրաքանչյուրը հստակ նպատակ ունի։ Եվ ահա, երբ հայտարարվում է նստեցումը, ուղևորներից մեկը, որը կարծես գրանցված է տվյալ չվերթի համար, հանկարծ ասում է․ «Գիտե՞ք, ես ոչ թե Բ կետ եմ գնում, այլ… երևի ավելի ճիշտ կլինի ասել՝ Գ կետ»», — Sputnik ռադիոյի եթերում ասել է Զախարովան։

Խոսելով Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու ձգտման մասին՝ ԵԱՏՄ-ում մնալու պայմաններում, նա նշել է, որ «սա արդեն նույնիսկ երկու աթոռի վրա նստելու փորձ չէ»։

«Աննորմալ է, երբ տեղի է ունենում մանիպուլյացիա։ Երբ բարի մտադրություններն ու օրինական մեխանիզմները, որոնք ապահովում են որևէ համակարգի բնականոն գործունեությունը, օգտագործվում են ոչ ազնիվ նպատակներով։ Եթե ցանկանում ես Գ կետ հասնել Բ կետի միջոցով, դա նույնպես հնարավոր է․ դա կոչվում է տարանցում։ Բայց դրա համար գոյություն ունի հստակ տրամաբանություն։ Դու գրանցվում ես Բ կետ մեկնելու համար, թռչում ես, այնտեղ հրաժեշտ ես տալիս բոլորին և գնում այնտեղ, որտեղ պետք է։ Դա բաց ընտրություն է։ Եթե ցանկանում ես փոխել քո ընտրությունը, խնդրեմ, դրա համար կա քաղաքակիրթ ճանապարհ», — հավելել է նա։