Հայաստանը պետք է հոգա ԱՄԷ-ում իր քաղաքացիների կրթության հարցը․ Քալսահակյան
29 Մայիսի 2025, 21:30
Ուսումնասիրությունների համաձայն՝ Արաբական Միացյալ Էմիրություններ առաջին հայերը եկել են Սպահանից։ Alpha News-ի հետ զրույցում ասել է «Ազատ հայ» կայքի խմբագիր Հրաչ Քալսահակյանը:
«Նոր ժամանակներում հայերն այստեղ հաստատվել են 1950-ական թվականներին, երբ երկիրը տնտեսական զարգացում սկսեց ապրել: Առաջին հայերը եկան՝ կառուցելու այս երկիրը»,- նշել է Հրաչ Քալսահակյանը:
Նրա խոսքով՝ լավ մասնագետների համար ԱՄԷ-ում լայն հնարավորություններ կան: «Սակայն միշտ նկատել եմ, որ շատերն առիթ են փնտրում՝ կողմնակի գործեր անելու, որպեսզի կարողանան անկախանալ»,- ընդգծել է Հրաչ Քալսահակյանը:
Անդրադառնալով հայապահպանության խնդիրներին՝ «Ազատ հայ» կայքի խմբագիրը նշել է, որ հայ համայնքը կանգնած է ուծացման վտանգի առաջ։
«ԱՄԷ-ի հայկական համայնքում երեխաներն այլևս հայախոս չեն: Հայերեն հասկանում են, բայց չեն խոսում: Հաջորդ սերունդը դա էլ չի կարողանա: Մյուս խնդիրն այն է, որ կարող է մարդը հայախոս լինել, բայց չունենալ հայկական հետաքրքրություններ: Այս խնդիրները հաշվի առնելով՝ կարող ենք որոշ փոփոխություններ իրականացնել: Կարծում եմ՝ Հայաստանը պետք է հոգա ԱՄԷ-ում իր քաղաքացիների կրթության հարցը, քանի դեռ ՀՀ քաղաքացի են»,- հավելել է Հրաչ Քալսահակյանը: