Հայաստանը խախտել է Ռուսաստանի դեմ քայլեր չձեռնարկելու խոստումը․ ՌԴ ԱԳՆ

07 Մայիսի 2026, 14:50

Քաղաքականություն

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը մեղադրել է Երևանին՝ Մոսկվայի դեմ քայլեր չձեռնարկելու վերաբերյալ տված խոստումը խախտելու համար։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՀՀ իշխանությունների ներկայիս արտաքին քաղաքական կուրսը վաղ թե ուշ հանգեցնելու է Բրյուսելի հակառուսական գծում Հայաստանի անշրջելի ներգրավմանը:

Նրա խոսքով՝ Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի հռչակագիրը ցույց է տալիս, որ Հայաստանի իշխանությունների համաձայնությամբ հանրապետությունը ներքաշվում է ագրեսիվ եվրաատլանտյան մեխանիզմների մեջ։ Նա նաև նշել է, որ Ռուսաստանում վրդովմունքով են հիշել, որ Հայաստանում հարթակ է տրամադրվել Վլադիմիր Զելենսկիին։

«Զելենսկին օգտվեց հայկական կողմի նման անհասկանալի հյուրընկալությունից՝ փորձելով դուրս գալ քաղաքական մոռացությունից և կրկին հնչեցնել իր արդեն հոգնեցրած ռուսատյաց հայտարարությունները», — ասել է Զախարովան՝ հավելելով, որ Զելենսկիի՝ մայիսի 9-ին Մոսկվային հարված հասցնելու հայտարարությանը Երևանում ոչ ոք չի արձագանքել։

Նա նաև ասել է, որ Զելենսկիի այցը Երևան ցույց տվեց հայ ժողովրդին, թե ինչ ապագա է նրանց համար պատրաստել Եվրամիությունը։