Հայոց լեզվի պահպանմանն ուղղված նախագիծ՝ Կրասնոդարում
07 Փետրվարի 2025, 12:40

«Ժառանգության կոդ» կրթական նախագիծը սկսում է իր աշխատանքը Կրասնոդարի երկրամասի քաղաքներում և շրջաններում։ Նպատակն է բացահայտել հայոց լեզու և հայագիտություն ուսումնասիրող տաղանդավոր և աշխատասեր պատանիներին ։
Նախագծի շրջանակներում Կրասնոդարի երկրամասի դպրոցներում և կրթական կենտրոններում հայոց լեզու սովորող 8-17 տարեկան աշակերտները հնարավորություն կունենան ցուցադրել իրենց գիտելիքները և ստանալ արժեքավոր մրցանակներ օլիմպիադայի կազմակերպիչների կողմից:
Գրական հայերենի ուսուցման խնդիրը սուր է դրված Սփյուռքի առջև։ Այդ կապակցությամբ Կուբանի հայկական հասարակական կազմակերպությունները ձևավորել են հատուկ կրթական միջավայր, որը յուրաքանչյուր հայի թույլ է տալիս ավելի մոտ լինել իր ազգային արմատներին՝ հայոց լեզվի, պատմության և մշակույթի ուսումնասիրության միջոցով: