Հիմա ժամանակն է, որ եռագույնը հաղթի սև ու սպիտակին. Բագրատ Սրբազան

09 Մայիսի 2024, 18:38

Քաղաքականություն

Այս պայծառ օրը, երբ մեր զգացումները խառն են, մենք հավաքվել ենք վերստին հաստատելու և ասելու, որ ոչինչ և ոչ ոք, ո՛չ երկնքում, և ոչ էլ երկրի վրա, ոչ իշխանությունները, ոչ էլ պետությունները, որևէ տեսակի ուժ չի կարող հայոց փառավոր հոգին ընկճել: Այս մասին Հանրապետության հրապարակում մեկնարկած հանրահավաքում հայտարարեց Բագրատ Սրբազանը:

Նշենք որ «Տատուշը հանուն հայրենիքի» շարժման բազմահազարանոց հանրահավաքը սկսվեց ՀՀ օրհներգով, «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված» վանկարկումներով ու տերունական աղոթքով։

«Մենք գալիս ենք Տավուշից՝ Հայաստանի դարպասներից, պատվով ժողովրդից դեպի պատվով քույրեր ու եղբայրներ: Շնորհակալ եմ բոլոր նրանց, որոնք մասնակից եղան այս ամբողջ գործընթացին: Մենք մեր Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերում հռչակեցինք, որ հոգին հաղթել է դուխին, և հիմա ժամանակն է, որ եռագույն ը հաղթի սև ու սպիտակին: Մեր շարժումը գույն չունի, բայց բոլոր գույների համադրությունն է, և այս բոլոր գույների համադրությունը սպիտակն է՝ հաշտության, խաղաղության հաղթանակի գույնը»,- ասաց Սրբազանը:

Հիշեցնենք, որ Հանրապետության հրապարակում Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ ընթանում է «Հանուն հայրենիքի» շարժման բազմահազարանոց հանրահավաքը։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների երթը դեպի Երևան մեկնարկել է մայիսի 4-ին Տավուշի մարզի սահմանապահ Կիրանց գյուղից, որտեղ Ադրբեջանի հետ սահմանին իրականացվում են սահմանազատման աշխատանքներ։ Օրեր շարունակ սահմանազատման գործընթացն ուղեկցվել է բողոքի ակցիաներով։ Տավուշցիները դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։