Հովհաննես Թադևոսյան. Ուզբեկստանի մշակութային պատմության մեջ հետք թողած նկարիչը
01 Մարտի 2025, 22:10

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Մարտի 1-ը Ուզբեկստանի ժողովրդական նկարիչ Հովհաննես Թադևոսյանի ծննդյան օրն է։
Նա ծնվել է 1889 թվականին Երևանում։ 1908-1909 թվականներին սովորել է Թիֆլիսի արվեստի դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում։ Յոթ տարի Թադևոսյանը կատարելագործվել է այնպիսի վարպետների ղեկավարությամբ, ինչպիսիք են Ա.Մ. Վասնեցովը, Ն.Ա. Կասատկինը և Կ.Ա. Կորովինը։ 1914 թվականին նկարիչը ուսանողական պրակտիկայի արդյունքում ստեղծել է «Տրապիզոն» ստեղծագործությունների հավաքածուն:
Թադևոսյանին հետաքրքրում էին կերամիկական մեծ պաննոները։ Նա հուշանվերներ է նաև պատրաստել Կոմինտերնի 3-րդ կոնգրեսի մասնակիցների համար, սակայն հետագայում նկարիչն այլևս չի վերադարձել Ճենապակե նկարչությանը։
Թադևոսյանը տեղափոխվել է Ուզբեկստան, որտեղ դարձել է «Սամարղանդի կոմունա» գեղարվեստի դպրոցի հիմնադիրներից և տնօրեններից մեկը։ Այստեղ նա շարունակել է իր ստեղծագործական աշխատանքը՝ դառնալով տարածաշրջանի մշակութային կյանքում կարևոր գործիչ։
1937 թվականին նկարիչը նշանակվել է Մոսկվայի ՎԴՆԽ-ում Ուզբեկստանի Հանրապետության տաղավարի գլխավոր նկարիչ, իսկ 1941-1948 թվականներին ստեղծել է Հայրենական Մեծ պատերազմին նվիրված նկարների շարք։
Թադևոսյանը մասնակցել է նաև Տաշքենդի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի դահլիճների նկարազարդմանը։
Հովհաննես Թադևոսյանի ստեղծագործությունը մեծ ազդեցություն է ունեցել կերպարվեստի զարգացման վրա ինչպես Ուզբեկստանում, այնպես էլ Խորհրդային Միությունում: Նրա եզակի գործերը կարելի է գտնել Տրետյակովյան պետական պատկերասրահում, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների թանգարանում, Տաշքենդի արվեստի պետական թանգարանում, ինչպես նաև մասնավոր հավաքածուներում:
Թադևոսյանը Խորհրդային Արևելքի առաջին նկարիչներից էր, ով իր ստեղծագործություններում անդրադառնում էր քաղաքացիական պատերազմի և Միջին Ասիայում սոցիալիզմի կառուցման դժվարությունների արդիական թեմաներին:
Հայրենական մեծ պատերազմի տարիներին Հովհաննես Թադևոսյանն իրեն դրսևորել է ոչ միայն որպես նկարիչ, այլև որպես ԽՍՀՄ գեղարվեստական հիմնադրամի տեղական բաժանմունքի վարչության ղեկավար: Այս պաշտոնում նա զբաղվում էր տարհանված նկարիչների կյանքի կազմակերպմամբ: Պատերազմից հետո նրա կարիերան չի դադարում. նա շարունակում է ստեղծել ստեղծագործություններ, որոնք փառաբանում են հասարակ աշխատողների սխրանքն ու կյանքը։
Հովհաննես Թադևոսյանը կյանքից հեռացել է 1974 թվականի հուլիսի 3-ին, 85 տարեկան հասակում։