Հռոմի պապը պարգևատրել է հայազգի փաստաբանին

11 Մայիսի 2023, 09:45

Հայեր

ԱՄՆ Գլենդել քաղաքում բնակվող հայտնի փաստաբան Արսեն Դանիելյանն օրերս Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից արժանացել է կաթոլիկ եկեղեցու գերագույն հովվապետի կողմից շնորհված ամենահեղինակավոր պարգևներից մեկին՝ Սուրբ Սիլվեստրի ասպետի պապական շքանշանին:

«Danielian, LeCroy & Kolanjian»իրավաբանական գրասենյակի հիմնադիր Դանիելյանը պարգևը ստացել է Գլենդելի Սուրբ Գրիգոր Հայ Կաթողիկե տաճարում։ Մեդալը հանձնել է Եպիսկոպոս, Գերաշնորհ Տ. Միքայել Մուրադյանը։

Մրցանակը խորհրդանշում է Դանիելյանի «աշխարհում դրական ազդեցություն ունենալու ձեռքբերումն ու հանձնառությունը»։ Ասպետի կոչումը մեծարում է աշխարհիկ մարդկանց, ովքեր ճանաչված են եկեղեցուն և հասարակությանը մատուցած ծառայության համար:

«Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին՝ ինձ այս պատիվը շնորհելու համար»,-ասել է փաստաբանը։

Նշենք, որ Դանիելյանը ծնվել է Թեհրանում և 1979 թվականին ներգաղթել է Միացյալ Նահանգներ: