Իմ երեխային չեմ կարողանում բացատրել, թե ինչու է հեռանում դպրոցի հին տնօրենը. Ալվինա Հովակիմյան
08 Մայիսի 2025, 18:49
Այսօր Երևանի Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի աշակերտները դասադուլ են արել։ Նրանք պահանջում են չեղարկել դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանին աշխատանքից ազատելու որոշումը։ Երեխաների ծնողներն էլ ընդգծել են՝ մինչև որոշումը չչեղարկվի, աշակերտները դպրոց չեն գնալու։ Ի նշան բողոքի՝ ողջ ուսուցչական կազմը ևս ազատման դիմում է գրել:
Թեմայի վերաբերյալ Alpha News-ը զրուցել է Պուշկինի անվան N8 դպրոցի շրջանավարտ Ալվինա Հովակիմյանի հետ:
«Իմ տղան սովորում է այս դպրոցում: Մեզ համար անակնկալ էր, երբ իմացանք, որ տնօրենը հեռացվել է: Մենք նույնիսկ տեղյակ չենք, թե որն է եղել պատճառը, որ նորմերին նա չի համապատասխանում: Մենք շատ ենք սիրում տնօրենին: Նա 12 տարի տնօրեն է եղել: Մայիսին՝ քննությունների շեմին, դասապրոցեսը խախտվել է, երեխաներն ու ծնողները շատ հուզված են: Մենք բաց ինֆորմացիա չունենք, որոշումը եղել է փակ քվեարկությամբ: Հիմա ուզում ենք լսել քվեարկության ձայնագրությունը: Եվ այսօր որոշել ենք հավաքվել շրջանավարտ ծնողներով, երկխոսության հրավիրել Ժաննա Անդրեասյանին և Տիգրան Ավինյանին,ստանալ մեր հարցերի պատասխանը»,- ասել է Ալվինա Հովակիմյանը: