Իրանի շուրջ լարվածության աճը կարող է վատ ավարտ ունենալ բոլորի համար․ Դմիտրի Սոլոննիկով

Քաղաքագետ և քաղաքական տեխնոլոգ Դմիտրի Սոլոննիկովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Իրանի շուրջ հակամարտության զարգացման հնարավոր սցենարները։

«Իրանի շուրջ իրավիճակը մտել է էսկալացիայի և առճակատման նոր փուլ։ Թվում է՝ սա ոչ մեկին պետք չէ․ ԱՄՆ-ը բավարար ռեսուրսներ չունի՝ Իրանի դեմ լիարժեք հաղթանակ տանելու և ցամաքային պատերազմի մեջ ներքաշվելու համար, իսկ Իրանում ներքին իրավիճակը փայլուն չէ, և ենթակառուցվածքների ու արդյունաբերության նոր ավերածությունները լավատեսություն չեն ներշնչում ո՛չ բնակչությանը, ո՛չ երկրի ղեկավարությանը։ Թվում է՝ կողմերը պետք է համաձայնության գային, բայց դա չարեցին», — նշել է փորձագետը։

Քաղաքագետի կարծիքով՝ Մերձավոր Արևելքի օրակարգ կմտնի նաև Բաբ էլ-Մանդեբի նեղուցի շուրջ իրավիճակը, ինչը կարող է կաթվածահար անել համաշխարհային տնտեսությունը։

«Բաբ էլ-Մանդեբի նեղուցը նույնպես այժմ մտնում է էսկալացիայի գոտի։ Հութիները փաստացի Իրանի վերջին պրոքսի դաշնակիցներն են մնացել։ Եթե նրանք փակեն Բաբ էլ-Մանդեբի նեղուցը, դա հարված կլինի համաշխարհային տնտեսությանը։ Եվ, իհարկե, ճգնաժամային իրավիճակում կհայտնվեն և՛ ԱՄՆ-ի եվրոպացի գործընկերները, և՛ հենց ԱՄՆ-ը, և՛ այդ երթուղուց օգտվող բազմաթիվ երկրներ՝ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի պետություններից մինչև Ատլանտյան օվկիանոս դուրս եկող երկրներ։

Սակայն դա կհանգեցնի նրան, որ ԱՄՆ-ի կողմում կխաղան շատ ավելի մեծ թվով ուժեր։ Բաբ էլ-Մանդեբի նեղուցի ապաշրջափակմամբ հետաքրքրված կլինեն և՛ եվրոպացիները, և՛ ԱՄՆ-ի ասիական գործընկերները, այսինքն՝ հակամարտության մեջ կներգրավվեն նոր խաղացողներ։

Թե որքան երկար կպահպանվի Բաբ էլ-Մանդեբի նեղուցի շրջափակումը, եթե հութիները գնան այդ քայլին, հայտնի չէ։ Ամենայն հավանականությամբ՝ ոչ երկար։ Այսինքն՝ նման քայլով հութիները կհայտնվեն այնպիսի իրավիճակում, երբ նրանց դեմ կլինեն փաստացի բոլորը։

Այսպիսով, էսկալացիան այստեղ հնարավոր է։ Համաշխարհային տնտեսության համար դրանից ոչ մի լավ բան չի լինի, սակայն, կրկին, եզրափակիչ արդյունքը բոլորի համար այնքան էլ լուսավոր չի լինելու, այդ թվում՝ Իրանի և նրա դաշնակիցների»,- եզրափակել է Սոլոննիկովը։