Իրանը գործողություն է սկսել Բահրեյնում, Քուվեյթում և Կատարում գտնվող ամերիկյան բազաների դեմ

23 Հունիսի 2025, 22:08

Քաղաքականություն

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Իրանը լայնածավալ հրթիռային օպերացիա է սկսել՝ ի պատասխան տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունների։ Օպերացիան ստացել է «Բեշարատ-է-Ֆատհ» ծածկանունը, որը թարգմանաբար նշանակում է «Հաղթանակի բարի լուր»:

Այս արշավի շրջանակներում Իրանն օգտագործել է տարբեր տեսակի բալիստիկ հրթիռներ, այդ թվում՝ Fattah գերձայնային հրթիռներ։ Տագնապ է հայտարարվել Բահրեյնում, Քուվեյթում և Կատարում գտնվող ամերիկյան բազաներում, Իրաքի բազաներում շչակներ են գործարկվել։ Այս մասին հայտնել է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարություն է տարածել Կատարում ամերիկյան բազայի վրա հրթիռային հարձակումից հետո, հայտնում է Tasnim-ը։ Հայտարարության մեջ ասվում է, որ հարվածը պատասխան է Իրանի Իսլամական Հանրապետության խաղաղ միջուկային օբյեկտների դեմ ԱՄՆ-ի «բացահայտ ռազմական ագրեսիայի» և միջազգային իրավունքի կոպտագույն խախտման:

Ամերիկյան ռազմաբազաներին Իրանի հարվածների ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շտապ խորհրդակցություն է հրավիրել ԱՄՆ բարձրաստիճան ղեկավարների մասնակցությամբ, գրում է Fox News-ը։