Երուսաղեմում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է
28 Սեպտեմբերի 2026, 11:00
Իսրայելի ոստիկանությունը հայտնել է Երուսաղեմում հայազգի 9-ամյա քրիստոնյա տղայի վրա հարձակված տղամարդու ձերբակալության մասին։ Այս մասին հայտնում է Jerusalem Post-ը։
Ըստ քննության՝ կասկածյալը տղայի դեմքին պղպեղային գազ է փչել։ Ձերբակալվածը 22-ամյա տղամարդ է՝ Երուսաղեմի մերձակայքում գտնվող Գանեյ-Մոդիին բնակավայրից, որտեղ հիմնականում բնակվում են ծայրահեղ ուղղափառ հրեաներ։
Միջադեպը տեղի է ունեցել Երուսաղեմի Մամիլլա թաղամասում՝ Յոմ Կիպուրի օրը։ Ոստիկանության նախնական տվյալներով՝ հարձակման պատճառը եղել է այն, որ այդ օրը տղան հեծանիվ է վարել և եղել է ականջակալներով։
Ոստիկանությունում նշել են, որ հարցաքննության արդյունքում կարող է որոշում կայացվել ձերբակալվածին դատարան տեղափոխելու մասին՝ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու համար։
Իսրայելի ոստիկանությունը նաև ընդգծել է, որ լրջորեն է վերաբերվում անչափահասների նկատմամբ բռնության և հալածանքի ցանկացած դրսևորմանը, հատկապես, եթե դրանք կատարվել են ազգային կամ ռասայական ատելության հողի վրա: