Կան կառույցներ, որոնց նկատմամբ պետք է հարգանք ու ակնածանք ունենալ․ Մարատ Հայրապետյան
07 Հունիսի 2025, 00:45
Օրեցօր տեսնում ենք արժեքների խարխլում։ Այս մասին Alpha News-ի եթերում ասել է բժիշկ Մարատ Հայրապետյանը՝ խոսելով Հայ Առաքելական եկեղեցու դեմ ՀՀ իշխանությունների հարձակումների մասին։
«Կան կառույցներ, որոնց նկատմամբ պետք է հարգանք ու ակնածանք ունենալ՝ անկախ նրանից, թե ով է այդ պահին զբաղեցնոմ աթոռը։ Ցավալի է եկեղեցու դեմ այս արշավը։ Առանց անուններ տալու պետք է ասեմ, որ անհրաժեշտ է փոխել ինստիտուցիոնալ կառույցների նկատմամբ մեր մոտեցումները»,-ասել է Մարատ Հայրապետյանը։
Նրա խոսքով՝ հարգանքի է արժանի Գարեգին Երկրորդի՝ Հայոց ցեղասպանության անժխտելի փաստի մասին հայտարարությունը։
«Իհարկե, միայն այս նախադասությունը բավարար է, որպեսզի տվյալ մարդու դիրքորոշումը հարգես։ Մենք չպետք է վեր հանենք տարբեր երկրների կողմից ամենաբարձր մակարդակով ընդունված այս փաստը։ Մեր խորհրդանիշների ու արժեքների նկատմամբ ցանկացած ոտնձգություն անընդունելի եմ համարում»,-հավելել է նա։
Հայրապետյանը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանում արժանապատվության անկում է նկատվում․ «Երբևէ չենք տեսել այսպիսի մի իրավիճակ, որ ֆեյսբուքում բարձրաստիճան պաշտոնյաները միմյանց անպատվեն, մեղադրանքներ հնչեցնեն։ Ամեն օր ավելի ու ավելի եմ ապշում՝ տեսնելով, թե որքան է իջել այդ նշաձողը»։