Կանադահայ համայնքը լուրջ ակնկալիքով սպասում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հաջողություներին. Արմինե Մուքոյան

Կանադահայ համայնքը լուրջ ակնկալիքով սպասում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հաջողություներին: Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է «Հորիզոն» շաբաթաթերթի թղթակից, ազգային-հասարակական գործիչ Արմինե Մուքոյանը:

«Անձնապես սատարում եմ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը: Ես ևս տեսնում եմ եկեղեցու ճանապարհով առաջընթացը: Կանադահայ համայնքը, բնականաբար, ուշի ուշով հետևում է իրադարձություններին և շատ մեծ, լուրջ ակնկալիքով սպասում է շարժման հաջողություներին, և սպասելուց զատ՝ իր ջանքն է բերում այդ հաջողությունների համար: Փոխանցեմ, որ Կանադայի բոլոր հայաշատ քաղաքներում մայիսի 7-ին զորակցական հավաքներ են եղել:

Մարդիկ իրենց դիրքորոշումն են հայտնել, որ շարժմանը կողմնակից են և արդեն քանի տարի է՝ մերժում են Հայաստանի Հանրապետության ներկա իշխանության վարած քաղաքականությունը: Կանադահայ համայնքը բազմաթիվ անգամներ դատապարտող հայտարարություններ է ունեցել»,- ասել է մեր զրուցակիցը:

Արմինե Մուքոյանը թվարկել է այն բոլոր ցավալի իրադարձությունները, որոնք տեղի ունեցան այսօրվա իշխանության վարած քաղաքականության արդյունքում.

«Սփյուռքն՝ ի մասնավոր կանադահայ համայնքի, որևէ ձևով չի կիսում ու շատ լավ գիտակցում է այս իշխանության վարած քաղաքականության արդյունքում Արցախի կորուստը, արցախահայության տեղահանությունը, Ցեղասպանության ժխտողական կամ ուրացման մոտեցումը, որը զայրացրել է Սփյուռքի և կանադահայ համայնքի անդամներին: Շատ լավ գիտակցում է համայնքը, թե ինչպես ու ինչպիսի վարած քաղաքականության արդյունքում ունեցանք 44-օրյա պատերազմը: Այս իշխանությունները ջանքեր գործադրեցին սեպ խրել Սփյուռք-Հաաստան հարաբերությունների մեջ:

Պետք է ասեմ, որ Կանադայի համայնքը շատ համախումբ է, ու այդ սեպերը բոլորովին չխանգարեցին: Մենք շատ ամուր կանգնեցինք մեր դիրքորոշման կողքին, մերժում ենք այս ամբողջ քաղաքականությունը, որ իրականացնում է Հայաստանի իշխանությունները»,- եզրափակել է Արմինե Մուքոյանը: