Կարո՞ղ եք Ալիևի քթից բերել. Քրիստինե Վարդանյանը ՝ Փաշինյանին

07 Հոկտեմբերի 2026, 20:56

Քաղաքականություն

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հակադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմության հասցեին հնչեցրած հայտարարություններին և սպառնալիքներին։

Անդրադառնալով ադրբեջանցի զինծառայողի՝ ՀՀ տարածք թափանցելու և հայ ընտանիքի վրա հարձակվելու միջադեպին, ինչպես նաև դրան հետևած իշխանական արձագանքներին՝ պատգամավորն ընդգծել է․

«Նախ, ինչի՞ եք այսքան նյարդայնանում այս թեմայից։ Ադրբեջանցին եկել է, հայ ընտանիքի վրա կրակել, հայ կնոջը վիրավորել, եկել եք՝ ընդդիմությանն եք սպառնում։ Ձեզնից վախեցող չկա, քանի՞ անգամ ասենք։ 8 տարի է՝ անում եք ինչ-ինչ բաներ․ կարո՞ղ եք՝ Ալիևի՛ քթից բերեք, թե չէ մեզ սպառնացել եք, նորություն չկա ձեր ասածի մեջ»,- հայտարարել է Քրիստինե Վարդանյանը։

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ իշխանությունը, փոխանակ պատասխանելու քաղաքացիների անվտանգությանն առնչվող հստակ հարցերին, փորձում է թիրախավորել ընդդիմությանն ու մեղմացնել ադրբեջանական կողմի գործողությունները։

«Ձեզ պարզ հարցեր են տալիս․ ոչ ոք ո՛չ ռազմական դրություն, ո՛չ պատերազմ հայտարարելու մասին չի խոսում։ Հարցնում են՝ եթե, մանավանդ, ձեզ զգուշացրել էին,ինչպե՞ս է եղել, որ ադրբեջանցի զինվորը հասել է այդքան խորքը, այն դեպքում, երբ դուք գովաբանում եք ձեր բոլոր գերատեսչություններին»,- նշել է պատգամավորը։

Վարդանյանը հավելել է, որ իշխանությունը ձախողել է իր բազային պարտականությունը՝ քաղաքացիների անվտանգության ապահովումը, իսկ նման միջադեպերը կոտրում են խորքային բնակավայրերում հանգիստ ապրելու վստահությունը։