Կայացավ Կարեն Բեքարյանի «Աշխարհաքաղաքական գրավիտացիա» գրքի շնորհանդեսը

03 Մայիսի 2025, 14:13

Կրթություն | Հայեր

Մայիսի 2-ին Երևանում տեղի ունեցավ «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Կարեն Բեքարյանի «Աշխարհաքաղաքական գրավիտացիա» գրքի շնորհանդեսը: Այն «Խոշորացույց» գրքի շարունակությունն է: «Խոշորացույցում» հեղինակը պատմում էր Հայաստանի 30 տարվա արտաքին քաղաքականությունը, «Աշխարհաքաղաքական գրավիտացիա» գրքում Կարեն Բեքարյանն անդրադառնում է ուժային կենտրոններին՝ Ռուսաստանին, Եվրոպային, ԱՄՆ-ին, Չինաստանին, Հնդկաստանին, Մերձավոր Արևելքին:

«Յուրաքանչյուր ուղղության վերաբերյալ զրույց կա, որը ներառում է այդ ուժային կենտրոնների դերը, նշանակությունն աշխարհում, մյուս երկրների հետ հարաբերությունները, նրա շահերի և գործողությունների պրոյեկցիան Հարավային Կովկասի ու Հայաստանի վրա։ Կարծում եմ՝ ընթերցողը կստանա այն հարցի պատասխանը, թե օրինակ՝ Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-ԱՄՆ, Հայաստան-Եվրոպա հարաբերություններում որը պետք է լինի մեր օրակարգը: Յուրաքանչյուր երկրի դեպքում նկարագրվում է տեսլականը»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց գրքի հեղինակ, «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Կարեն Բեքարյանը։

Այդ տեսլականներում գրքի հեղինակը նկարագրում է, թե ի՞նչ պետք է անի Հայաստանը որևէ երկրի հետ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ, ինչի՞ վրա պետք է հիմնված լինեն այդ հարաբերությունները և ո՞րը պետք է լինի Հայաստանի օրակարգը։

Հերմինե Մխիթարյանը, ով գրքի հեղինակի հետ զրուցել է ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Չինաստանի մասին, ասում է՝ գրքի արժեքավոր հատվածներից մեկը տեսլականներն են։

«Տեսլականներն առանձին փաստաթղթեր են, դրանք զրույցների ձևաչափով չեն, այլ զրույցների արդյունքում Կարեն Բեքարյանի ներկայացրած տեսլականներն են, ինչը կարծում եմ և հուսով եմ, որ իրենց կիրառական նշանակությունը կունենան վաղվա Հայաստանում որոշումներ կայացնողների համար, այդ թվում՝ ծառայելով որպես ուղեցույց»,- նշեց «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Հերմինե Մխիթարյանը։

Ռուսաստանի, Եվրամիության, Մերձավոր Արևելքի երկրների մասին Կարեն Բեքարյանի հետ զրուցել է Աննա Կարապետյանը: Յուրաքանչյուր երկրի հետ Հայաստանի հարաբերությունների հիմքում ըստ նրա՝ պետք է լինի պետական շահը, ինչը նրա գնահատմամբ, ցավոք, այսօր չկա, Հայաստանը դարձել է արտաքին դերակատարների շահերի սպասարկողը, եզրակացնում է Կարապետյանը։

«Բոլոր երկրների հետ հարաբերությունների հիմնական տեսլականի հիմքում դրվել է այն գաղափարը, որ Հայաստանը պետք է բոլորի հետ զարգացնի հարաբերություններ, բայց որևէ դեպքում չդնելով մեկը մյուսին հակադրելու սկզբունքը: Գերակայությունները կամ համագործակցության ոլորտները ևս պետք է բխեն նրանից, թե տվյալ երկիրը Հայաստանի պետական շահերի համար ինչ նշանակություն ունի: Օրինակ, եթե անդրադառնանք Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին, բնական է, որ Ռուսաստանը Հայաստանի համար անվտանգային, տնտեսական հիմնական գործընկերն է, դաշնակիցն է, հետևաբար հնարավոր չէ այս ուղղությամբ հարաբերությունները փչացնելով՝ փորձել անվտանգություն փնտրել ԱՄՆ-ում կամ Եվրոպայում»,- ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Աննա Կարապետյանը։

«Աշխարհաքաղաքական գրավիտացիա» գիրքը  հեղինակի խոսքով՝ իրական քաղաքականության մասին է, Հայաստանի՝ 1991-2024թթ․ արտաքին քաղաքականության, արվածի ու չարվածի մասին է։ Իսկ ի՞նչ չենք արել որպես պետություն այդ տարիների ընթացքում։

«Բավական բաներ կան, որ չեն արվել, այլ բան, որ այդ չարվածի մեջ առավել մեծ թիվ են կազմում օբյեկտիվ պատճառները, որովհետև փոքր, նորանկախ երկիր, որը լուրջ խնդիրներ ունի, պատերազմի միջով է անցել, մինչև այդ երկրաշարժի, իսկ արտաքին քաղաքականությունը շատ լուրջ ռեսուրսներ է պահանջում, բայց 2018-ից հետո մենք ականատես ենք լինում, թե ինչ է կատարվում արտաքին քաղաքականության հետ և զրույցը բացում է այդ փակագծերը»,- ասաց Կարեն Բեքարյանը։

Փակագծերի ներսում մանրամասներին ծանոթանալու, կեղծ դատողությունները վերացնելու, փաստարկված ու ճշմարիտ պատմություն կարդալու համար «Աշխարհաքաղաքական գրավիտացիա» գիրքը կարող եք ձեռք բերել գրախանութներից, այն վաճառքում կլինի մայիսի 6-ից։