Կոլումբիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել

10 Օգոստոսի 2026, 18:30

Տնտեսություն և Բիզնես

Կոլումբիայում տեղի է ունեցել 7,4 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC)։ Սկզբում ստորգետնյա ցնցումների ուժգնությունը գնահատվել էր 6,8 մագնիտուդ, սակայն հետագայում ցուցանիշը վերանայվել է։ Նույն գնահատականն են տվել նաև ամերիկացի մասնագետները։

Կոլումբիայի արևմուտքում գտնվող Կալի քաղաքում երկրաշարժի հետևանքով 19 շենք է փլուզվել, փլատակների տակ մարդիկ են մնացել։ Սոցիալական ցանցերում տարածվում են ավերածությունների կադրեր, իսկ մի շարք քաղաքներում կապի խափանումներ են արձանագրվել։

Չոկո դեպարտամենտում մեկ մարդ զոհվել է, տասը՝ վիրավորվել, ևս երեք մարդ համարվում է անհետ կորած։

Չոկո դեպարտամենտի նահանգապետ Նուբիա Կարոլինա Կորդոբա-Կուրին հայտնել է, որ տարածաշրջանի մայրաքաղաք Կիբդոյում կան տուժածներ, իսկ շենքերին հասցվել են լուրջ վնասներ։ Նրա խոսքով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սան Խոսե դել Պալմարի շրջանում։

Նահանգապետը նշել է, որ իշխանությունները մտահոգված են հնարավոր հետցնցումներով։ Այս պահին գնահատվում է երկրաշարժի պատճառած վնասի չափը։