Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը շարունակում է աճել

10 Օգոստոսի 2026, 23:50

Տնտեսություն և Բիզնես

Կոլումբիայում շարունակում է ավելանալ ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը։ «BluRadio» ռադիոկայանի տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 70-ի, որոնցից 42-ը՝ Ռիսարալդայի դեպարտամենտում։ Նահանգապետ Խուան Դիեգո Պատինյոն պարզաբանել է, որ միայն մայրաքաղաքային գոտու երեք համայնքներում գրանցվել է 40 զոհ, ևս երկուսը՝ արևմտյան շրջաններում։

Ավելի վաղ հաղորդվում էր 55 զոհի մասին, այդ թվում՝ 18-ը՝ Ռիսարալդայի վարչական կենտրոն Պերեյրայում։ Վալյե դել Կաուկայի դեպարտամենտում նահանգապետ Դիլյան Ֆրանսիսկան հաստատել է 27 մարդու մահը, որոնցից չորսը երեխաներ են։

6,8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել օգոստոսի 10-ին․ էպիկենտրոնը գտնվել է Կարտագո քաղաքից 31 կմ հյուսիս-արևմուտք, իսկ օջախը՝ 115 կմ խորության վրա։ Կոլումբիայի երկրաբանական ծառայության հաղորդմամբ՝ ցնցումների ուժգնությունը կարող էր հասնել մինչև 7,4 մագնիտուդի։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են երկրի տարբեր քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաք Բոգոտայում, ինչպես նաև հարևան Էկվադորի մի շարք շրջաններում։

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել Կոլումբիայի ժողովրդին՝ պատրաստակամություն հայտնելով ցուցաբերել անհրաժեշտ օգնություն։