Կորուստների անիվը կանգ չի առնում, որովհետև այդ մարդն ասել է՝ բանակցությունները սկսում եմ իմ սեփական կետից․ Կարեն Բեքարյան

Alpha News-ի ուղիղ եթերում քաղաքագետ Կարեն Բեքարյանը բացատրել է, թե խաղաղության պայմանագիր կնքելու համար ինչ կետեր են անհրաժեշտ։

«Մենք խաղաղության պայմանագրի ենք հասնում բնականոն վիճակում։ Երբ հընթացս X պահից կողմերը միմյանց նկատմամբ չեն անում որևէ թշնամական գործողություն ողջ սպեկտրով՝ սկսած հայտարարությունից, մինչև սահմանի էսկալացիա։ Երկրորդ էական հանգամանքը հումանիտար խնդիրն է՝ գերիներ, պահվող անձինք, պատանդներ․ բոլորը վերադարձվում են, փորձում են միմյանց հետ վստահության մթնոլորտ կառուցել գոնե ամենաբարձր մակարդակներում»,- նշել է Կարեն Բեքարյանը։

Մինչդեռ, ըստ նրա, ոչ մի կետ կատարված չէ, բայց, միևնույն է փորձում են հասնել այդ խաղաղության պայմանագրին։

«Պայմանագիր ստորագրելուց աչքի առաջ պիտի ունենալ մի քանի հանգամանք, նախ՝ Ադրբեջանի զինուժը Հայաստանի սուվերեն տարածքում է, Արցախի հետ կապված խնդիրներն ու արցախցիների վերադարձին առնչվող հարցերը, ու այս ամենի ներքո՝ միգուցե հնարավոր է՝ խաղաղության պայմանագիր, դելիմիտացիա, դեմարկացիա, կոմունիկացիաներ։ Բայց այս ամբողջ օրինակելի փաթեթից ի՞նչը ունենք։ Ոչ մի կետը։

Կա բացահայտ հարկադրանք ու բացահայտ սպասարկում՝ օր օրի մեծացող Ադրբեջանի ու թուրք-ադրբեջանական ախորժակի։ Ամեն զիջման պարագայում ավելի մեծ ախորժակ։ Մենք այս ընթացքի մեջ ենք արդեն քանի տարի է։ Կորուստները մեկը մյուսի հետևից ունենում ենք»,- ցավով է նկատել քաղաքագետը։

Ըստ Բեքարյանի՝ կորուստների անիվն անդադար պտտվում է ու կանգ չի առնում։

«Այս ամենը եղել է մի քանի տարիների ընթացքում, մեծ մանիպուլիացիաներ են արվել, Փաշինյանն էլ ասել է՝ ես բանակցությունները սկսում եմ իմ զրոյական կետից, ես հենվում եմ ժառանգության վրա։ Մենք տեսել ենք՝ ուր է բերել մեզ հասցրել․ կործանման՝ ամեն էտապում։ Մենք դրա ականատեսը եղել ենք ու շարունակում ենք մնալ դրա ականատեսը, այդ անիվը չի կանգնում։ Սուտը, մանիպուլիացիան դեպի սեփական ժողովուրդ ինչ-որ պահի սկսել է պրոյեկտվել դեպի արտաքին դերակատարներ, միջնորդներ»,- եզրափակել է Կարեն Բեքարյանը։

Հիմա եթերում