Կրթության հնարավորություն՝ նպատակասլաց երիտասարդներին. «Scholarships for Armenia»-ի գործունեությունը

03 Սեպտեմբերի 2026, 23:45

Կրթություն

«Scholarships for Armenia» հասարակական կազմակերպությունն արդեն երեք տարի է՝ աջակցում է Հայաստանի նպատակասլաց երիտասարդների բարձրագույն կրթությանը։ Alpha News-ի տաղավարում կազմակերպության հիմնադիր Սյուզաննա Աբրահամյանը պատմել է նախաձեռնության ստեղծման, անցած ճանապարհի, հիմնական ուղղությունների և շահառուների մասին։

Սյուզաննա Աբրահամյանի խոսքով՝ կազմակերպության ստեղծման հիմնական նպատակն է աջակցել այն տաղանդավոր երիտասարդներին, որոնք ունեն սովորելու մեծ ցանկություն, սակայն ֆինանսական հնարավորությունների սահմանափակ լինելու պատճառով չեն կարողանում ստանալ բարձրագույն կրթություն։

«Ունենք հիասքանչ երիտասարդներ, բայց նաև՝ սահմանափակ ու անբավարար միջոցներ: 2023 թվականին հիմնադրվեց կազմակերպությունը. մենք արդեն գործում ենք երեք տարի և հովանավորել ենք մոտ 15 ուսանողի՝ վճարելով նրանց ուսման վարձը»,- նշել է կազմակերպության հիմնադիրը։

«Scholarships for Armenia»-ը հատուկ ուշադրություն է դարձնում Արցախյան պատերազմի մասնակիցներին և վետերաններին: Կազմակերպությունն ակտիվ համագործակցում է տարբեր կառույցների հետ, որոնք տրամադրում են կարիքավոր երիտասարդների տվյալները:

«Կապ ենք հաստատում զինվորների կամ Արցախյան պատերազմի վետերանների հետ, ծանոթանում նրանց պատմություններին: Բոլորն էլ ունեն շատ ոգեշնչող պատմություններ, և մեր արած աշխատանքը նվազագույնն է՝ նրանց՝ հայրենիքին մատուցած զոհաբերությունների դիմաց: Այժմ ունենք մոտ 5 ուսանող, որոնք մասնակցել են 2020 թվականի պատերազմին և 2023 թվականի բախումներին»,- ընդգծել է Սյուզաննա Աբրահամյանը:

Կրթության կարևորության մասին խոսելիս՝ նա նշել է, որ այն առաջին հերթին անհատի ձևավորման հիմքն է։

«Ինձ համար կրթությունն ինքնաճանաչման, ինքնագիտակցության և ինքդ քեզ, ընտանիքիդ ու, ի վերջո, հայրենիքիդ ավելի պիտանի լինելու միջոց է»,- ընդգծել է Սյուզաննա Աբրահամյանը:

Հիմա եթերում