Լարված իրավիճակ՝ Արին Բերդի փողոցում

23 Մայիսի 2025, 12:48

Տնտեսություն և Բիզնես

Վաղ առավոտից քաղաքացիները փակել են Էրեբունի վարչական շրջանի Արցախի փողոցից ՋԷԿ և Արին Բերդ փողոց տանող խաչմերուկը։ Նրանք բողոքում են ճանապարհների անմխիթար վիճակից։ Բողոքի ակցիա իրականցնողների մեջ են նաև տնտեսվարողները, որոնց օբյեկտները գտնվում են այդ տարածքում։

Ըստ նրանց՝ քանդված ճանապարհների պատճառով բեռնատարները չեն կարողանում բեռներ հասցնել տնտեսվարողներին։


Նշենք, որ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանն արձագանքել է Արին Բերդի փողոց տանող խաչմերուկը փակած ակցիայի մասնակիցներին։ Նա, մասնավորապես, գրում է․

«Հարգելի՛ գործընկերներ,

Երևանի Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդի փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկը Արին Բերդի 5-րդ նրբանցքի խաչմերուկին միացնող ճանապարհահատվածի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերը Երևանի քաղաքապետարանի կողմից 2025 թվականի ապրիլի 30-ին դրվել են մրցույթի: Սակայն մրցույթին հայտ չի ներկայացվել։

Նոր մրցույթի հաղթող ճանաչվելուց հետո կհայտարարվի շինարարության մրցույթ, որից հետո էլ հիմնանորոգման աշխատանքները կմեկնարկեն»։