Լույս է տեսել իտալացի պատմաբան Լուիջի Վիլարիի «Կրակ և սուր Կովկասում» գիրքը

25 Սեպտեմբերի 2024, 20:10

Մշակույթ

Իտալացի պատմաբան և դիվանագետ Լուիջի Վիլարիի «Կրակ և սուր Կովկասում» գիրքն առաջին անգամ տպագրվել է 1906 թվականին անգլերենով և չի վերահրատարակվել։ Այն լուրջ գիտական աշխատություն է, որին իրենց գիտական աշխատություններում հաճախ հղում են անում եվրոպացի և ամերիկացի պատմաբանները, Կովկասի հետազոտողները։ Գիրքը արժեքավոր տեղեկություններ է տալիս Անդրկովկասի ժողովուրդների փոխհարաբերությունների մասին և ուղեցույց կդառնա Հայաստանի պատմության և մեր քաղաքակրթության մեջ նրա դերի մասին: Գիրքը ռուսերեն է թարգմանել Հայ Առաքելական եկեղեցու աստվածաբան Դավիթ Բեկնազարյանը:

20-րդ դարասկզբին ճանապարհորդելով Կովկասով՝ Լուիջի Վիլարին արժեքավոր տեղեկություններ է հավաքել քաղաքական իրավիճակի, Կովկասը բնակեցնող ժողովուրդների և նրանց փոխհարաբերությունների մասին, ինչն Անդրկովկասում այսօրվա իրադարձությունների լույսի ներքո առանձնակի կարևորություն է ստանում:

Գրքում կարելի է գտնել հայերի և կովկասյան թուրքերի, կամ կովկասյան թաթարների՝ թուրքալեզու շիաների հարաբերությունների նկարագրությունը, որոնց 1936 թվականից սկսել են անվանել ադրբեջանցիներ: Հեղինակը մանրամասն պատմում է Բաքվում, Գանձակում, Երևանում և Նախիջևանում կովկասյան թուրքերի կողմից իրականացված ջարդերի, Բաքվում, Շուշիում և պատմական Հայաստանի այլ շրջաններում ջարդարարներին հայերի հերոսական դիմադրության մասին:

Վիլլարին պատմում է նաև Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանի (Խրիմյան Հայրիկ), մեծանուն կոմպոզիտոր Կոմիտաս Վարդապետի հետ իր հանդիպումների, Հայոց Եկեղեցու գույքի բռնագրավման և ցարական վարչակարգի կողմից հայկական դպրոցների փակման մասին։

«Չնայած նման կարևոր տեղեկություններին, ցավոք, Վիլլարիի աշխատությունը մոռացության է մատնվել և մինչ օրս չի թարգմանվել ո՛չ ռուսերեն, ո՛չ հայերեն, ինչը որոշ «պատմաբանների» առիթ է տալիս մոլորության մեջ գցել իրենց ընթերցողներին՝ հրապարակելով համատեքստից կտրված առանձին նախադասություններ։ Այդ իսկ պատճառով մենք մեզ վրա ենք վերցրել այնպիսի հետաքրքիր ու արժեքավոր գիրք թարգմանել ու հրատարակել, որը կարդալով կարելի է զուգահեռներ տանել հարյուրամյա վաղեմության և այսօրվա իրադարձությունների միջև և համապատասխան հետևություններ անել», — նշել է Դավիթ Բեկնազարյանը։