Մենք ապրում ենք ՀՀ-ում և ՀՀ-ի դպրոցներում պետք է անցնեն Հայաստանի պատմություն. ԿԳՄՍ նախարար

«Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» անվանափոխելու պարագայում առարկայից դուրս չի մնալու այն բովանդակությունը, որը կազմում է պատմության մասը, բովանդակությունը նույնն է՝ անկախ անվանումներից: Այս մասին հայտարարել է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը

«Մենք ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում, և Հայաստանի Հանրապետության դպրոցներում պետք է անցնեն Հայաստանի պատմությունը: Կուզեմ առանձնահատուկ ընդգծել այն անհեթեթ դիտարկումները, թե «Հայաստանի պատմություն» կոչելով՝ առարկայից դուրս է մնալու այն բովանդակությունը, որը կազմում է մեր պատմության մասը: Սա ամենևին բովանդակության մասին չէ, բովանդակությունը նույնն է՝ անկախ անվանումներից:

Ամեն երկրում պատմության ուսուցանումն առաջին հերթին այդ պետության, երկրի քաղաքացիների ձևավորման գործընթաց է: Եվ առաջնահերթ է, որ պատմության ուսուցանումը կազմակերպվի և կառուցվի պետության առանցքի շուրջ՝ անկախ նրանից՝ այդ ժամանակահատվածներում պետությունը եղե՞լ է, թե՞ չի եղել»,-նշեց Անդրեասյանը: