Մենք չենք հուսահատվում, չենք կործանվում․ Գայանե Հայրումյան

10 Մայիսի 2025, 11:15

Մշակույթ

Սերգեյ Ասլանյանի «SA Foundation» հիմնադրամի աջակցությամբ Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազում տարված Հաղթանակի 80-ամյակին։

Միջոցառումների շրջանակում «Իմ բալիկ», «Տունտունիկ» և «Խոխա» մանկապարտեզներին տրամադրվել են գրասենյակային սարքավորումներ, իսկ մանկապարտեզներից մեկի երաժշտական սենյակներից մեկում մեկնարկել են վերանորոգման աշխատանքները։ Նշենք, որ բոլոր մանկապարտեզները բացվել են Երևանում՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կողմից։

«Այս տոնն Արցախում տարիներ շարունակ նշում էինք մեծ խանդավառությամբ, նշում էինք որպես եռատոն: Բայց, ավաղ, բոլորս տեսնում ենք՝ ինչ եղավ: Չնայած դրան՝ մենք չենք հուսահատվում, չենք կործանվում, ուզում ենք քայլ առաջ ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ մեր երեխաները դաստիարակվեն հայեցի, և նրանց տանք այն արժեքները, որոնք կարևոր են հայ ազգին: Մեր երեխաները պետք է լինեն խիզախ, ազնիվ, հայրենասեր»,- ասել է «Իմ բալիկ» զարգացման կենտրոնի հիմնադիր տնօրեն Գայանե Հայրումյանը:

«SA Foundation»-ի նպատակն է օգնել երեխաներին և ուսանողներին, ստեղծել ներդաշնակ և ապահով ապագա Հայաստանի և հայ ժողովրդի համար։

«Պետք է առաջ շարժվենք, ստեղծագործենք, արարենք: Պետք է անել ամեն ինչ՝ մեր երեխաների խաղաղ ապագան ապահովելու համար: Ինչպես ասում են՝ ազգի գոյության պահապաններն են լեզուն, մշակույթը, դպրոցը և մանկապարտեզը: Թող որ լռեն զենքերը, ուրախ հնչեն երգերը: Թող երգն ու պարը միշտ թևածեն հայոց աշխարհում»,-հավելել է Գայանե Հայրումյանը։