Մետաքսի վաճառականից մինչև սուլթանի խորհրդական. Հարություն Պեզճյանի կյանքը

10 Ապրիլի 2025, 23:30

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Ապրիլի 10-ը հայ բարերար, պետական գործիչ Հարություն Պեզճյանի ծննդյան օրն է:

Հարություն Պեզճյանը ծնվել է Կ. Պոլսում 1771 թվականին: Դպրոցն ավարտելուց հետո Կումկապի հայկական թաղամասում սկսել է զբաղվել մետաքսի առևտրով։ Իր տաղանդի, ձեռներեցության և շրջահայացության շնորհիվ Պեզճյանը կարողացել է հասարակ վաճառականից վերածվել Օսմանյան կայսրության դրամատան ազդեցիկ կառավարչի։ 1825-1834 թվականներին նա ոչ միայն ղեկավարել է դրամահատարանը, այլև դարձել է Սուլթան Մահմուդ 2-րդի խորհրդականն ու վստահելի անձը։

Այն ժամանակաշրջանում, որը հայ պատմագրության մեջ կոչվում է «Պեզճյանի դարաշրջան», նա զգալի ներդրում է ունեցել ինչպես Թուրքիայի պետական կյանքում, այնպես էլ պոլսահայ համայնքի զարգացման գործում: Նրա գլխավոր նպատակներից էր Կոստանդնուպոլսի առաքելական և կաթոլիկ հայ համայնքների միավորումը, ինչը լարվածություն է առաջացրել Վատիկանում և Էջմիածնում։ 1820 թվականին Ֆրանսիայի դեսպանի պնդմամբ Պեզճյանը աքսորվել է, սակայն շուտով ներում է ստացել և վերանշանակվել դրամահատարանի կառավարիչ։ Հարություն Պեզճյանը նաև առանցքային դեր է խաղացել ֆինանսական և հարկային համակարգի բարեփոխման և 1826 թվականին ենիչերիական կորպուսի վերացման գործում:

Հարություն Պեզճյանը սուլթանին մոտ լինելն օգտագործել է հայ համայնքին աջակցելու համար։ Նրա արժանիքներից են Երուսաղեմում հայկական եկեղեցու իրավունքների պաշտպանությունը, հույն և լատինացի հոգևորականների միջամտությունների կանխարգելումը: Նրա բարեգործական գործունեությունն ուղղված էր դպրոցների ստեղծմանը, եկեղեցիների կառուցմանն ու վերանորոգմանը, ինչպես նաև հիվանդանոցների բացմանը: Պեզճյանի շնորհիվ լույս են տեսել երկու կարևորագույն աշխատություններ՝ «Հայոց լեզվի բառարան»-ը և «Պարսկերեն-հայերեն բառարան»-ը:

Հարություն Պեզճյանի մեծագույն ձեռքբերումներից էր Պոլսի Սուրբ Փրկիչ եկեղեցու հիմնադրումը, որը գործում է նաև այսօր: Տաճարն օծվել է 1828 թվականի հոկտեմբերի 14-ին։ Նրա աճյունը հանգչում է իր իսկ կառուցած Սուրբ Հարություն եկեղեցում: Պեզճյանի տապանաքարի վրա փորագրված են հետևյալ խոսքերը. «Փառապանծ Իշխան Հարություն Պեզճյանին, որ հանգչեց, բայց անմահ է իր ազգանպաստ գործերով»: