Մի բան է տանկով երթևեկելը, մեկ այլ բան՝ երկրում քաղաքական խմբեր կառավարելը. Դմիտրի Սոլոննիկովը՝ Սիրիայի իշխանությունների մասին
21 Մայիսի 2025, 21:15
Ռուս քաղաքագետ Դմիտրի Սոլոննիկովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությունը Սիրիայի անցումային իշխանության վատ կենսագրության և դրա հնարավոր փլուզման վերաբերյալ:
«Սիրիայի ներկայիս իշխանություններն իսկապես կայուն կառույցի տպավորություն չեն թողնում: Շատ հաճախ է այդպես պատահում: Արագ ռազմական հաղթանակը մի բան է, իսկ դաշտային, հաջողակ հրամանատարների գործողությունները, որոնք արագորեն գրավել են քաղաքները, իսկ իշխանության պահպանումը և երկարաժամկետ կարգ ու կանոնի ապահովումը՝ բոլորովին այլ։ Այսինքն՝ մի բան է տանկով երթևեկելը, մեկ այլ բան՝ երկրում քաղաքական խմբեր կառավարելը: Ուստի սա օբյեկտիվ փաստի արձանագրում է»,- կարծում է փորձագետը:
Alpha News-ի զրուցակցի կարծիքով՝ ԱՄՆ-ը Սիրիայի ընկալման հարցում հաշվի է առնում Իսրայելի շահերը և նրա հետ համակարգում իր որոշումները:
«Այն, որ ներկա պահին ԱՄՆ-ն ավելի շատ աջակցում է Իսրայելին, բնական է։ Իսկ հիմա Իսրայելը խիստ թերահավատորեն է վերաբերվում ներկայիս սիրիական իշխանություններին, և նրա զորքերն արդեն գտնվում էին այն շրջանների տարածքում, որոնք հարավում վերահսկում են դրուզները, և Իսրայելն օգնում էր նրանց գրոհել Բեյրութի ծայրամասերը։ Սա խոսում է այն մասին, որ այս դիմակայությունում ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Իսրայելին և կարծում է, որ Սիրիայի ներքին խնդիրներն իսկապես չափազանց լուրջ են ներկայիս կառավարության համար: Այս դեպքում չի կարելի ասել, թե Դամասկոսը ղեկավարելու օրոք նրանք կարգավորել են երկրի իրավիճակը»,- ասել է Սոլոննիկովը:
Փորձագետը կարծում է, որ Ռուբիոյի խոսքերը ուղերձ են Սիրիայի արտաքին շահագրգիռ կողմերին, բայց ոչ ներքին խաղացողներին:
«Ամենայն հավանականությամբ, դա Իսրայելի աջակցությունն է։ Ներկայիս իրավիճակում ավելի մեծ տարածքներ բռնակցելու, Իսրայելի՝ թեկուզ ձևական վերահսկողության տակ անցնելու հնարավորությունը հարց է այն մասին, թե ԱՄՆ-ն ինչպես կգործի զորքերի դուրսբերման ընթացքում, արդյոք նրանք կսպասեն Սիրիայի իշխանությունների աջակցությանն ու համագործակցությանը, թե ոչ։ Սա կրկին մեսիջ է ԱՄՆ-ի դաշնակից Թուրքիային, թե ինչ պետք է անել Սիրիայի հյուսիսում, ինչ հնարավորություններ կունենան։
Իհարկե, սա փաստի արձանագրում է և որոշակի ազդակ հարևաններին, այլ ոչ թե Սիրիայի ներսում ազդանշան ինչ-որ մեկին: Հազիվ թե ներկայումս այնտեղ լինեն լուրջ խմբավորումներ և լուրջ քաղաքական գործիչներ, որոնք դեպի ԱՄՆ ուղղվածություն ունեն, կամ որոնց ասվել է՝ «կարող եք սկսել, հեղափոխություն կարող է տեղի ունենալ»»,- եզրափակել է Դմիտրի Սոլոննիկովը։