Մինսկն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
12 Նոյեմբերի 2026, 11:30
Հայաստանի համար նպատակահարմար է սահմանափակել ՀԱՊԿ այն փաստաթղթերի հասանելիությունը, որոնք գաղտնի բնույթ են կրում։ Այս մասին հայտարարել է Բելառուսի արտգործնախարար Մաքսիմ Ռիժենկովը։
Ավելի վաղ Մոսկվայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի մասնակիցները որոշում էին ընդունել՝ Հայաստանին զրկել կազմակերպությունում ձայնի իրավունքից, ինչպես նաև ՀԱՊԿ պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու հնարավորությունից։
Հայաստանը 2024 թվականին հայտարարել էր կազմակերպությունում մասնակցությունը «սառեցնելու» մասին, թեև նման կարգավիճակ նախատեսված չէ ՀԱՊԿ կանոնադրությամբ, և դադարեցրել էր անդամավճարների վճարումը։
«Վստահ եմ, որ որոշ փաստաթղթերի հասանելիությունը կսահմանափակվի, հատկապես այն փաստաթղթերի, որոնք ընդհանուր առմամբ գաղտնի բնույթ են կրում»,- «Բելառուս 1» հեռուստաալիքի եթերում ասել է նախարարը։
Նա նաև նշել է, թե արդյոք անհրաժեշտ է «նման կեղծ դաշնակցին» այսօր լիարժեք հասանելիություն տրամադրել բավականին գաղտնի փաստաթղթերին։ Ռիժենկովի խոսքով՝ տեսականորեն հնարավոր է, որ գաղտնի տեղեկատվությունն օգտագործվի ոչ ի շահ այն երկրների, որոնք իսկապես ցանկանում են զարգացնել այդ ինտեգրացիոն միավորումը՝ համերաշխության և համախմբման սկզբունքներով։
Ռիժենկովն ընդգծել է, որ Հայաստանի՝ ինտեգրացիոն կառույցներին՝ ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին մասնակցության նկատմամբ վերաբերմունքը փոխել է ոչ թե ժողովուրդը, այլ երկրի բարձրագույն ղեկավարությունը։ Նա Հայաստանի մասնակցությունն անվանել է «պասիվ»՝ նշելով, որ երկիրն այդ միավորումներից վերցնում է միայն այն, ինչն իրեն ձեռնտու է։
«Սա այդ միավորումներին մասնակցությունից բխող գիտելիքների և առավելությունների օգտագործումն է սեփական շահերի համար, որոնք չեն համընկնում ինտեգրացիոն միավորումների նպատակների հետ։ Չէ՞ որ մենք ցանկանում ենք ուժեղ լինել, ցանկանում ենք համերաշխ լինել քաղաքական, տնտեսական և անվտանգության հարցերում:
Բայց ստացվում է հետևյալ իրավիճակը․ «Ես ձեզնից կվերցնեմ այն, ինչ ինձ հետաքրքրում է՝ գազի և նավթի գները, իմ ապրանքները մինչև վերջնական սպառողին տեղափոխելու հնարավորությունը, իսկ մնացածը մեզ չի հետաքրքրում»։ Նման վերաբերմունքը չէր կարող աննկատ մնալ»,- նշել է Ռիժենկովը՝ մեկնաբանելով Մոսկվայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում Հայաստանի վերաբերյալ ընդունված որոշումը։