Մոսկվայի և Երևանի հարաբերությունների խզումը Հայաստանի համար աղետալի կլինի․ Ռոբերտ Քոչարյան

01 Հունիսի 2026, 12:11

Քաղաքականություն

Մոսկվայի և Երևանի հարաբերությունների խզման հետևանքները Հայաստանի համար աղետալի կլինեն։ Այս մասին РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ և վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

«Հայաստանի համար դա պարզապես աղետ կլինի։ Գյուղատնտեսական արտադրանքի 98%-ն արտահանվում է ՌԴ։ Եվրամիության շուկան փաստացի փակ, պաշտպանված շուկա է։ Այնտեղ առկա խոչընդոտները գրեթե անհաղթահարելի են։ Հետևանքներն իսկապես պարզապես աղետալի կլինեն»,- ասել է Քոչարյանը։

Նա նշել է, որ իշխանությունները չեն առաջարկում այլընտրանքային լուծում, թե որտեղ կարող են հայ արտադրողները արտահանել իրենց արտադրանքը, եթե հարաբերությունները Մոսկվայի հետ վատթարանան։

Երկրորդ նախագահի խոսքով՝ Ռուսաստանն իր հերթին մեծ հետևանքներ չի զգա ՀՀ-ի հետ հարաբերությունների խզման դեպքում։ Քոչարյանը նշել է, որ ՀՀ-ի մասնաբաժինը ՌԴ-ի արտաքին առևտրաշրջանառության մեջ կազմում է ընդամենը 0,7%, իսկ մինչև 2022 թվականին Մոսկվայի դեմ սահմանված պատժամիջոցներն այդ ցուցանիշը 0,3% էր։

«Այսինքն՝ Հայաստանի մասնաբաժինը Ռուսաստանի արտաքին առևտրաշրջանառության մեջ այնքան փոքր է, որ Ռուսաստանում դա պարզապես չեն էլ նկատի։ Իրավիճակն այնքան անհավասար է, որ այս գործոնով խաղալն անիմաստ է»,- ընդգծել է նա։

Քոչարյանը շեշտել է, որ խոսքը Մոսկվայի կողմից Երևանին ֆինանսավորելու մասին չէ։

«Խոսքը ռուսական շուկայի մասին է, որը հնարավորություն է տալիս ՀՀ-ի տնտեսությանը շնչել։ Իսկ եթե, ինչպես հայտարարվել է, դա անդրադառնա նաև գազի գնի վրա, ապա ՀՀ-ի տնտեսության համար աղետը կլինի շատ ավելի խորը»,- նշել է նա՝ հավելելով, որ այսօր Հայաստանի կառավարությունն իրականացնում է արտաքին քաղաքականություն, որը հակասում է երկրի տնտեսական շահերին։

«Կարծում եմ՝ սա միջազգային պրակտիկայում եզակի դեպք է»,- եզրափակել է Քոչարյանը։

Հիմա եթերում