Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակի առթիվ «РЕН ТВ»-ով կայացել է «Ոսկե դուբլ» ֆիլմի հեռուստապրեմիերան

14 Հոկտեմբերի 2026, 15:30

Մշակույթ

Ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակի առթիվ հոկտեմբերի 12-ին ռուսական «РЕН ТВ» հեռուստաալիքի եթերում տեղի է ունեցել հայազգի անվանի ֆուտբոլիստին և մարզչին նվիրված «Ոսկե դուբլ» ֆիլմի հեռուստապրեմիերան։

Ֆիլմը պատմում է Սիմոնյանի մարզչական կարիերայի կարևոր փուլերից մեկի մասին․ հենց նրա ղեկավարությամբ Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը դարձել է ԽՍՀՄ չեմպիոն և նվաճել երկրի գավաթը՝ գրանցելով պատմական «ոսկե դուբլ»։

Ֆիլմում նկարահանվել են դերասաններ Եգոր Բերոևը, Անահիտ Կիրակոսյանը, Սերգեյ Գազարովը, Սոֆյա Դոնիանցը, Քսենիա Ալֆյորովան, Դավիթ Հակոբյանը, Կոնստանտին Յուշկևիչը, Բաբկեն Չոբանյանը, Արման Նավասարդյանը և այլք։ Ֆիլմը պաշտոնական վարձույթում է հայտնվել 2026 թվականի հունվարի 29-ին։

Նիկիտա Սիմոնյանը կյանքից հեռացել է 2025 թվականի նոյեմբերի 23-ին՝ 99 տարեկանում։ Նա 1956 թվականին Մելբուռնում կայացած Օլիմպիական խաղերի հաղթող էր, ԽՍՀՄ քառակի չեմպիոն և ԽՍՀՄ գավաթի կրկնակի դափնեկիր։ Սիմոնյանը Մոսկվայի «Սպարտակ»-ի պատմության լավագույն ռմբարկուն է՝ 160 գոլով։

Մարզչական կարիերայի ընթացքում Սիմոնյանը երեք անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, չորս անգամ նվաճել երկրի գավաթը և գլխավորել ԽՍՀՄ հավաքականը։ Ավելի քան 30 տարի նա ղեկավար պաշտոններ է զբաղեցրել խորհրդային և ռուսական ֆուտբոլում՝ աշխատելով նախ ԽՍՀՄ ֆուտբոլի ֆեդերացիայում, ապա՝ Ռուսաստանի ֆուտբոլային միությունում։