Նիկոլ Փաշինյան, մեկ ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու․ Բագրատ Սրբազան

09 Մայիսի 2024, 18:55

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյան, մեկ ժամ ժամանակ ունեք հրաժարական ներկայացնելու: Այս մասին Հանրապետության հրապարակում հայտարարեց Բագրատ Սրբազանը՝ նշելով, որ առաջին անգամ է տալիս Փաշինյանի անունը:

«Ոսկեպարը, Բաղանիսը և Կիրանցը ցույց տվեցին, որ եթե հայ ազգը բռունք դառնա, նպատակ սահմանեն և գնան այդ նպատակի ետևից, ոչ մի բան չի կարող փոխել իրենց կյանքը: Մենք առաջին հաղթանակն ենք գրանցել: Առանց խոչընդոտի ուզում էին այսպես կոչված սահմանագծման քարերը դնել, բայց երեկ իմացանք, որ վերջին երեք քարը չեն դրել՝ ի շնորհիվ այս ժողովրդի պայքարի: Մենք եկել ենք մի պահանջով՝ Հայաստանի կառավարության ղեկավարից պատասխան պահանջել: Նա եկել է մեր գյուղեր, խաբել մեզ, ահաբեկել ու սպառնացել ժողովրդին:

Մենք եկել ենք այս սպառնալիքների պատասխանը պահանջելու, և ժամանակ տալու դադարեցնելու այս միակողմանի, ապօրինի, հակասահմանադրական, հակաբարոյական գործընթացը: Մենք դեմ չենք եղել ոչ խաղաղությանը, ոչ սահմանազատմանը: Բայց այս միակողմանի զիջումներն անընդունելի են մեզ համար: Չկա մի սեղան, որտեղ Հայաստանը ասելիք ունի: Հայրենիքը կորցնում են, հետո ասում՝ իրական հայրենիքը պետք է տեսնենք, Արցախը իրական Հայաստան էր: Նիկոլ Փաշինյան, մեկ ժամ ժամանակ ունեք հրաժարական ներկայացնելու համար»,- ասաց Սրբազանը:

Հիշեցնենք, որ Հանրապետության հրապարակում Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ ընթանում է «Հանուն հայրենիքի» շարժման բազմահազարանոց հանրահավաքը։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների երթը դեպի Երևան մեկնարկել է մայիսի 4-ին Տավուշի մարզի սահմանապահ Կիրանց գյուղից, որտեղ Ադրբեջանի հետ սահմանին իրականացվում են սահմանազատման աշխատանքներ։ Օրեր շարունակ սահմանազատման գործընթացն ուղեկցվել է բողոքի ակցիաներով։ Տավուշցիները դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։