Նոննի Հոգրոգյան․ Գրքի նկարազարդման վարպետը

07 Մայիսի 2024, 23:58

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Մայիսի 7-ին լրանում է ամերիկահայ հայտնի նկարչուհի և նկարազարդող Նոննի Հոգրոգյանի ծննդյան 92-ամյակը:

Հոգրոգյանը ծնվել է Նյու Յորքում՝ Արևմտյան Հայաստանից գաղթած մի ընտանիքում։ Նոննիի ծնողները նույնպես նկարիչներ էին, իսկ քույրը՝ ինտերիերի դիզայներ։ Չի կարելի չնշել, որ ընտանիքում ստեղծագործական մթնոլորտը դեր է խաղացել մասնագիտության ընտրության հարցում, և 1953 թվականին Նոննին Hunter College-ից ստացել է կերպարվեստի բակալավրի աստիճան։

Հոգրոգյանն իր ստեղծագործական ուղին սկսել է «Thomas Y. Crowell Co» հրատարակչության համար գրքի նկարազարդմամբ՝ զուգահեռ շարունակելով իր գեղարվեստական կրթությունը:

Նա բազմիցս արժանացել է երեխաների գրադարանային ծառայությունների ասոցիացիայի պատվավոր մրցանակին՝ Կալդեկոտի մեդալին՝ մանկական գրքերի իր նկարազարդումների համար, 1966 թվականին՝ «Always Room for One More» գրքի համար, իսկ 1972 թվականին՝ հին հայկական լեգենդների վերապատմված և նկարազարդված «One Fine Day»-ի համար: