Ոչ մի կարմիր գիծ չկա, մտել են մարդու ընտանիք, սա լկտիություն է. Արման Աբովյան

10 Օգոստոսի 2026, 13:38

Կարծիք | Քաղաքականություն

Քաղաքական վերլուծաբան, ԲՀԿ անդամ Արման Աբովյանը դատապարտում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսայի՝ Արգամ Աբրահամյանի գործով Քննչական կոմիտեի հաղորդագրությունը, որում քրեական վարույթի վերաբերյալ անձնական բնույթի տեղեկություններ են տարածվել:
 
«Ցավոք, այսօրվա Հայասատնում ոչ մի կարմիր գիծ չկա: Բարոյական նորմ չկա, տեղեկություններ են հրապարակվել, որոնք համոզված եմ՝ իրականության հետ աղերս չունեն: Մտել են մարդու ընտանիք: Սա լկտիություն է: Ո՞վ է ասում, որ հրապարակված տվյալներն իրական են: Մարդու անմեղության կանխավարկածը խախտվում է, մտել են ընտանի: Սրանք զզվելի մակարդակի հասած ճնշումներ են, որոնք խոսում են այն մասին, որ մենք այսօր ապրում ենք մի իրավիճակում, երբ  յուրաքանչյուր մարդու մասին կարող են ինչ-որ բան հորինել, անձնական տվյալներ հրապարակել ու խեղել մարդու կյանքը»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց Արման Աբովյանը:
 
Հիշեցնենք՝ օգոստոսի 8-ին, Քննչական կոմիտեն տեսանյութ և հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, թե բացահայտվել է Արտաշատ համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը:
 
Ըստ ՔԿ-ի, Արգամ Աբրահամյանը՝ կնոջը՝ Է.Ծ.-ին կասկածելով «Ավետարանի հավատքի քրիստոնյաներ» կրոնական կազմակերպության անդամ, հոգևոր հովիվ Ս․Վ․-ի հետ անձնական փոխհարաբերություններ ունենալու, ինչպես նաև՝ նրան խոշոր գումարներ տալու մեջ, վրեժխնդիր լինելու շարժառիթով նպատակադրվել է կյանքից զրկել Ս․Վ․-ին, սակայն որոշել է իր հանցավոր մտադրությունն իրագործել ոչ թե անձամբ, այլ իրենից ֆինանսական և անձնական կախվածության մեջ գտնվող հավատարիմ անձի՝ իր անվտանգության աշխատակից Գ.Հ.-ի միջոցով:
 
Այնուհետև, Ա․Ա․-ն օգտագործելով Գ.Հ.-ի նկատմամբ ունեցած ազդեցությունը, ինպես նաև վերջինիս՝ իր հանդեպ ունեցած հավատարմությունը և պատրաստակամությունը՝ հանձնարարելու եղանակով նրան դրդել է կյանքից զրկել Ս․Վ․-ին։
 
Ա.Ա.-ի կողմից տրված հանձնարարությունը որպես պատվեր ընդունելով՝ Գ.Հ.-ն 2023 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Մյասնիկյան 2 հասցեում գտնվող բնակելի շենքի դիմաց հրազենի գործադրմամբ սպանել է Ս․Վ․-ին։
 
Նշենք՝ Արգամ Աբրահամյանը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի դստեր՝ Էմմա Ծառուկյանի ամուսինն է:
 
Քննչական կոմիտեի կողմից Արգամ Աբրահամյանի քրեական վարույթի վերաբերյալ անձնական տեղեկություններ հրապարակելը սոցցանցերում հանրային դժգոհություն էր հարուցել:
 
Նույնիսկ Մարդու իրավունքների պաշտպանն էր արձագանքել ՔԿ հաղորդագրությանն ու տեսանյութին և անընդունելի համարել քրեական վարույթի վերաբերյալ հանրային հաղորդակցության շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տվյալների անհարկի հրապարակումը: