Ուժերի հավասարակշռությունը կրկին խախտվել է՝ ինչու՞ Բաքուն հրաժարվեց բանակցել Հայաստանի հետ

04 Հոկտեմբերի 2023, 23:00

Քաղաքականություն

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն։

Ուժերի բալանսը առաջին բանն է, որը վերլուծվում է բանակցությունների մեկնարկից առաջ, քանի որ վերջնական փոխզիջումը մեծապես կախված է ուժերի մեկնարկային հարաբերակցությունից։ Փոխզիջումը զիջումների փոխանակում է, որը ենթադրում է սուբյեկտների հրաժարում իրենց շահերի ինչ-որ մասից։

Փոխանակումը կարող է լինել կամ հավասար, կամ անհավասար, և, համապատասխանաբար, փոխզիջումը կարող է լինել փոխշահավետ կամ միակողմանի շահավետ: Երբ ի սկզբանե ակնհայտ է, որ կողմերից մեկը մինչեւ բանակցությունների մեկնարկը ավելի թույլ դիրքերում է, ապա նրա գործողությունները մինչեւ բովանդակային բանակցությունների մեկնարկը հանգում են նրան, որ թույլ կողմը ձգտում է խթանել հակադիր կոալիցիայի ստեղծմանը:

Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների առնչությամբ ուժերի հավասարակշռության հաստատման կարևոր բաղադրիչ էր հենց Արցախի Հանրապետության գոյությունը։ Արցախը մաս էր կազմում այն կոնֆիգուրացիայի, որն ամրապնդում էր Հայաստանի դիրքերը բանակցային սեղանի շուրջ: Անգամ 2020 թվականի պատերազմից հետո Արցախի կարգավիճակի հարցը մնաց օրակարգում, և որքան էլ ցինիկ հնչի, ՀՀ-ն կարող էր բանակցություններ վարվել Արցախի ապագայի վերաբերյալ:

2020 թվականի պատերազմից հետո առաջին անգամ ուժերի հարաբերակցությունը հիմնովին փոխվեց 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում, երբ Նիկոլ Փաշինյանը ճանաչեց Արցախը որպես Ադրբեջանի մաս՝ առանց Արցախի բնակչության համար հստակ անվտանգային երաշխիքներ սահմանելու։ Պրահայից հետո էր, որ Բաքուն հսկողություն պահանջեց Կաշենի հանքավայրի նկատմամբ, իսկ հետո փակեց Լաչինի միջանցքը՝ այնտեղ տեղադրելով սեփական անցակետը և կազմակերպելով Արցախի ամբողջական շրջափակում։

Երկրորդ անգամ ուժերի հարաբերակցությունը հիմնովին փոխվեց Արցախի անկումից հետո, այն բանից հետո, երբ Արցախի հինգերորդ նախագահը ստորագրեց Արցախի լուծարման մասին փաստաթուղթը։ Սա, իր հերթին, թույլ տվեց Բաքվին ոչ միայն կլանել Արցախը, այլ նաև իր համար նախընտրելի անձին նշանակելով Արցախի բանակցողի «պաշտոնում»՝ նրա միջոցով հնչեցնել Ղարաբաղից խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման անհրաժեշտության մասին հայտարարությունը:

Արցախի անկումը նվազեցրեց նաև պաշտոնական Երևանի մանևրելու հնարավորությունը Բաքվի հետ բանակցություններում։ Բաքուն արդեն ստացել է այն ամենը, ինչ կարող էր ստանալ Երևանից բանակցային սեղանի շուրջ, ինչպես նաև, ոչնչացրեց Հայաստանի և Արցախի կոալիցիան ընդդեմ Ադրբեջանի, այս ֆոնին էլ Հայաստանի իշխանությունները քանդեցին հարաբերությունները նաեւ Ռուսաստանի հետ։

Փոխվել է ուժերի բալանսը, ինչի պատճառով Իլհամ Ալիեւը հրաժարվեց հոկտեմբերի 5-ին հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ։ Հիմա Ադրբեջանը, իր համար է՛լ ավելի շահեկան դիրքից պահանջելու է Հայաստանից նոր զիջումներ (Բաքվի պահանջներից մեկի մասին օրերս հայտարարություն է արել Անկարան, որը դիմել է ՄԱԳԱՏԷ-ին՝ Մեծամորի ատոմակայանը փակելու պահանջով), և միայն, եթե այդ պահանջները կատարվեն, նա կհամաձայնի շարունակել բանակցությունները Փաշինյանի հետ։ Ավելին, Բաքուն, ինչպես և 2020-ին, այնպես էլ 2023-ի աշնանը, Երևանի և Մոսկվայի հարաբերությունների՝ է՛լ ավելի վատթարացմանն է սպասում։ Բաքուն Հայաստանից լավ է հասկանում հայ-ռուսական հարաբերությունների կարևորությունը ՀՀ անվտանգության համակարգի արդյունավետության ապահովման գործում։

Գրանադայում բանակցություններից հրաժարվելու վերաբերյալ ադրբեջանական կողմի հիմնավորումներում կան մի շարք կարևոր նրբերանգներ՝ կապված բանակցություններին Ֆրանսիայի և Թուրքիայի մասնակցության հետ։ Պաշտոնական Բաքուն հայտարարել է, որ «Ֆրանսիայի ապակառուցողական դիրքորոշումը, ինչպես նաև Փարիզի և Բեռլինի անհամաձայնությունը Թուրքիայի հանդիպմանը մասնակցելու հարցում», անհնարին են դարձրել հանդիպումը։

Փաստորեն, տեղեկացանք, որ հանդիպումը կարող էր լինել ոչ թե հնգակողմ (Հայաստան, Ադրբեջան, ԵՄ, Ֆրանսիա և Գերմանիա), այլ վեցակողմ՝ Թուրքիայի մասնակցությամբ, թեև հայ հանրությունն այս մասին տեղյակ չէր։

Բանակցություններին Թուրքիայի հնարավոր մասնակցության հետ կապված իրավիճակում կա ևս մեկ կարևոր նրբերանգ. օգոստոսի 9-ին ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն ասել է, որ Թուրքիան կարող է «արդյունավետ» դեր խաղալ հայ-ադրբեջանական կարգավորման հարցում։ Միևնույն ժամանակ, Միլլերն այս հայտարարությունն արել է իր այն արտահայտության համատեքստում, թե «չի ցանկանում խոսել Ռուսաստանի մասին, երբ խոսքը վերաբերում է պաշտոնական Երևանին և Բաքվին»։

«Ես չեմ ուզում խոսել Ռուսաստանի մասին, երբ խոսքը վերաբերում է Հայաստանին և Ադրբեջանին: Ես ուզում եմ խոսել այն երկու երկրների մասին, որոնք վեճի անմիջական կողմեր են։ Մենք կարծում ենք, որ չնայած այլ երկրների ցանկացած մեկնաբանություններին, որոնք այս հարցում կողմեր չեն, համաձայնությունը մնում է հասանելի»,-ասել էր ամերիկացի պաշտոնյան։
Մի կողմ թողնենք այն, որ, ըստ էության, Պետդեպարտամենտն ի դեմս Միլլերի, պարզապես, ժխտում է Ռուսաստանի Դաշնության՝ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում միջնորդ լինելու իրավունքը և առաջարկում է Մոսկվան փոխարինել Անկարայով, և նշենք, որ Պետքարտուղարության մամուլի խոսնակի հայտարարությունը պետք է դիտարկել որպես Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուի Բոնոյի՝ 2023 թվականի մայիսին արտահայտած մտքերի շարունակությունը, որն ասել էր, թե «կողմերը (Երևանն ու Բաքուն) կարող են համատեղ աշխատել՝ ապահովելու համար անվտանգությունը տարածաշրջանում»։

Պետք է ընդգծել նաև հետևյալը, որ մի կողմից հայ ժողովրդին կարող է գոհացնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ ֆրանսիական գնահատականները, սակայն դրանք պաշտոնական Բաքվին հիմնավորում են տալիս բանակցային գործընթացը խաթարելու համար։

Ցավոք, մեր հասարակության մեջ «միջնորդ բանակցային գործընթացում» տերմինի իմաստը մեծապես չեն հասկացվում։ Միջնորդը չպետք է և չի կարող պարտադրել կողմերին այս կամ այն որոշումը, ինչպես նաև չի կարող անաչառ չլինել, այլ դեպքում նա միջնորդից վերածվում է «հակամարտող կողմի»։

Ուժերի բալանսը շարունակում է փոխվել, և այն փոխվում է ոչ հօգուտ Հայաստանի՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։