Ողբերգական դեպք Ալավերդիում. Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին

12 Հոկտեմբերի 2026, 19:40

Հասարակություն

Հոկտեմբերի 12-ին, ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ «112» օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցով հոսող Դեբեդ գետում՝ ծառի ճյուղի վրա, կնոջ մարմին է նկատվել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր ժամանած Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները մեծ դժվարությամբ դուրս են բերել մարմինը և մոտեցրել դիատարին:

Տեղում աշխատել են նաև ՆԳՆ ոստիկանության Թումանյանի բաժնի և ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության աշխատակիցները:

Դեպքի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իրականացվում են միջոցառումներ՝ մահացածի ինքնությունը պարզելու ուղղությամբ: