Փասադենայում կցուցադրվի Հարություն Հարությունյանի «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը
13 Մարտի 2025, 22:30
«Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը ներկայացնում է 107 տարի առաջ Հայաստանում տեղի ունեցած պատմական իրադարձությունները՝ Կարսի և Ալեքսանդրապոլի անկումը: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է ֆիլմի պրոդյուսեր Հարություն Հարությունյանը՝ մանրամասներ ներկայացնելով ֆիլմից:
««Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը Երևանում մեկ անգամ է ցուցադրվել, իսկ Գյումրիում՝ մի քանի անգամ: Այն շատ լավ և դրական առումով աղմկահարույց ընդունելության արժանացավ: Երևանում կարծում էինք՝ այն կմտնի կինովարձույթ, բայց ինչ-ինչ պատճառներով չստացվեց, քանի որ, ըստ երևույթին, վերնագիրը վախեցնող է: Ֆիլմը կապ չունի այսօրվա հետ, այն ներկայացնում է 107 տարի առաջ Հայաստանում տեղի ունեցած պատմական իրադարձությունները՝ Կարսի և Ալեքսանդրապոլի անկումը: Դեպքերը ներկայացվում են մինչ Սարդարապատի ճակատամարտը, և երբ նայում ես, թե ինչ է տեղի ունեցել մինչ առաջին հանրապետության ստեղծման օրը, կարծես ամեն բան ընկնում է իր տեղը:
Իսկ ի՞նչ է տեղի ունեցել: Տեղի է ունեցել այն, ինչ կատարվում է այսօր իրական Հայաստանում: Ասում էին՝ Կարսը տանք, հանգիստ ապրենք, այն տվեցինք, բայց հանգիստ չապրեցինք: Ֆիլմի ամբողջ իմաստն այն մասին է, որ թուրքին չպետք է վստահել: Ֆիլմում չկան հեղինակային տեքստեր, այնտեղ օգտագործվել են միայն արխիվային տեքստեր: Ոչինչ կեղծված չէ: Վերցված են Կարս քաղաքի նկարները, Գյումրու այդ ժամանակաշրջանի նկարները, և գրաֆիկաներով ստացել ենք այդ իրական վիճակը: Մենք չենք նկարել հորինածին պատկերներ»,- նշել է ֆիլմի պրոդյուսերը:
Վերջինիս խոսքով՝ նախկին և ներկա ժամանակաշրջանները շատ ընդհանրություններ ունեն, կարծես ամեն բան կրկնվում է նույն կերպ:
«Երբ համեմատում ենք 107 տարի առաջվա դեպքերն ու այսօրվա մեր իրականությունը, տեսնում ենք, որ ամեն բան նման է: Թե մարդկանց հոգեբանությունը, թե անլրջությունն ու անտարբերությունը, կուրորեն հավատալը, թե ամեն բան լավ է լինելու, և թուրքի հետ բարեկամություն ենք անելու, ամեն բան այսօր կրկնվում է: Մենք նաև փաստերով ցույց ենք տալիս, թե Կարսում Բոլշևիկյան հեղափոխությունից հետո ինչքան զինամթերք էր թողել ցարական Ռուսաստանի բանակը: Դա ևս մեկ համեմատական է, թե ինչքան զինամթերք մենք թողեցինք Արցախում: Թե՛ ժամանակաշրջանը, թե՛ կատարվող իրադարձությունները, թե՛ բանակի քայքայման պրոցեսը, ամեն բան ֆիլմում կա»,- եզրափակել է Հարությունյանը: