Փաշինյանի համար շատ կարևոր է, որ ես մնամ անազատության մեջ․ Սամվել Կարապետյան

25 Սեպտեմբերի 2026, 19:18

Քաղաքականություն

Ես եվրոպական շատ արժեքների կողմնակից եմ, ավելին՝ պետությունը պետք է վերցնի լավագույնն ու շարժվի այդ ուղղությամբ։ Սակայն, ինչ վերաբերում է դեպի Եվրոպա քաղաքական կուրս բռնելուն, մեզ այնտեղ ոչ ոք չի սպասում։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

«Եվրոպայում չկա որևէ երկիր, որն ընդհանուր սահման չունենա Եվրամիության անդամ պետությունների հետ և դառնա ԵՄ անդամ։ Դրանք, իմ կարծիքով, անհասկանալի քայլեր են՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները սրելու համար»,- նշել է նա։

Անդրադառնալով դատական նիստերի ընթացքին և վկաների հարցաքննությանը՝ Սամվել Կարապետյանը նշել է, որ գործում ներգրավված վկաներն ու հանգամանքները որևէ առնչություն չունեն իրեն առաջադրված մեղադրանքի հետ։

«Մոտ մեկ տարի չորս ամիս է՝ մասնակցում եմ դատական նիստերին՝ չհասկանալով, թե ինչու է իմ ներկայությունն անհրաժեշտ։ Ինձ թվում է՝ Փաշինյանի համար շատ կարևոր է, որ ես մնամ անազատության մեջ, որպեսզի հասցնի իրականացնել ու առաջ տանել Ալիևի բոլոր թելադրանքները»,- հայտարարել է Կարապետյանը։