Փաշինյանի խնդիրն արցախցիներին թիրախավորելն է. Ալեն Ղևոնդյան

ՀՀ քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համարով առաջադրված պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանի դեմ: Ըստ ՔԿ-ի՝ Կարապետյանը դիտավորությամբ թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը: Թեմայի վերաբերյալ Alpha News-ը զրուցել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հետ:

Նրա խոսքով՝ նույնիսկ կեղծ քարոզչական թեզերի մշակումը պետք է լինի որոշակի խելամտության, ընկալողունակության տրամաբանության ներքո: «Սկանդալը պետք է լինի այնպիսին, որ մարդիկ մտածեն՝ դա համապատասխանում է իրականությանը»,- նշել է քաղաքագետը:

Անդրադառնալով Արաբկիր վարչական շրջանում Նիկոլ Փաշինյանի և արցախցու միջև տեղի ունեցած միջադեպին՝ Ալեն Ղևոնդյանն ընդգծել է, որ Փաշինյանի խնդիրը արցախցիներին թիրախավորելն է, և այն տևական բնույթ է կրում:

«Վարչապետի քարոզչական թեզերում ատելության խոսքը մուգ կարմիր գծերով է տարվում, և ամենուր առկա է: Մյուս կողմից նա փորձում է ներհասարակական ատելություն ստեղծել ընդդեմ արցախցիների: Նա չի կարողանում դրական և կառուցողական թեզեր մշակել, այլ միշտ կոնֆլիկտային դաշտ է ստեղծում և հոգեբանական անկայուն մարդու թեզերով փորձում է ազդել հանրության վրա»,-հավելել է Ղևոնդյանը: