Փաշինյանը մանիպուլացնում է. կաթողիկոսը հրավերի կամ էլ թույլտվության կարիք չուներ. Արսեն Բաբայան

29 Մայիսի 2024, 15:27

Քաղաքականություն

Փաստաբան Արսեն Բաբայանը պնդում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Սարդարապատի հուշահամալիր մուտքը խոչընդոտելու վերաբերյալ արված հիմնավորումը մանիպուլյացիա է եւ հակասում է «Պետական արարողակարգի մասին» ՀՀ օրենքին։

««Պետական արարողակարգի մասին» օրենքը սահմանում է պետական արարողակարգային միջոցառումների ժամանակ պաշտոնատար ու այլ անձանց ավագության կարգը, այսինքն՝ թե ով ինչ կարգավիճակ ունի որեւէ պետական արարողակարգային միջոցառման ժամանակ: Օրենքը սահմանում է, որ եթե Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցում է պետական արարողակարգային միջոցառման, ապա ինքը երկրորդ տեղն ունի:

Արարողակարգի մասին օրենքի համաձայն՝ ավագությունն ունի հետեւյալ տեսքը՝ նախագահ, ԱԺ նախագահ, վարչապետ, բայց եթե այդ միջոցառմանը մասնակցում է նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ապա կարգը փոխվում է եւ ունենում է այս տեսքը. նախագահ, կաթողիկոս, ԱԺ նախագահ, վարչապետ»,- Alpha News-ի հետ զրույցում օրենքի կարգը պարզաբանեց Արսեն Բաբայանը:

Փաստաբանի խոսքով՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ինքն է որոշում՝ մասնակցել պետական արարողակարգային միջոցառման, թե՝ ոչ: Սա նշանակում է, որ կաթողիկոսը հրավերի կամ էլ հատուկ թույլտվության կարիք չունի:

«Եթե կաթողիկոսը որոշեց մասնակցել պետական արարողակարգային միջոցառման, ապա բոլորը պարտավոր են ապահովել «Պետական արարողակարգի մասին» օրենքով սահմանված կաթողիկոսի ավագության կարգը: Արարողակարգի պատասխանատուները կամ իրավապահները այլ բան չունեն անելու, քան այդ կարգն ապահովելն է»,- նշեց Բաբայանը եւ հավելեց, որ նախօրեին Սարդարապատի հուշահամալիրում ոստիկանները անօրինականություն են թույլ տվել, երբ փորձել են խոչընդոտել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ մյուս հոգեւորականների մուտքը:

Ոստիկանների գործողությունները փաստաբանի խոսքով՝ հակասում են ոստիկանության մասին օրենքին, ինչը սահմանում է քրեական պատասխանատվություն:

Հիշեցնենք՝ մայիսի 28-ին, Առաջին Հանրապետության օրը, ոստիկանները փորձել էին խոչընդոտել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ մյուս հոգեւորականների մուտքը Սարդարապատի հուշահամալիր:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այդ միջադեպին՝ ասել է, թե Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրավեր չի ունեցել մասնակցելու պետական արարողակարգային միջոցառմանը եւ Կառավարությունն էլ տեղեկություն չի ունեցել, որ նա ակնկալում է այդ հրավերը, եւ ոստիկանությունը փորձել է ճշտել՝ կաթողիկոսը եկել է իր քաղաքական կողմնակիցների եւ իր կողմից ղեկավարվող շարժման նախաձեռնած խոչընդոտող եւ սադրող գործողությունները շարունակելո՞ւ, թե այլ նպատակադրմամբ:

«Երբ ստացել են հավաստիացումներ, որ այցը ունի միայն արարողակարգային նպատակ, ապահովվել է Վեհափառ հայրապետի մուտքը Սարդարապատի հուշահամալիրի պետական արարողակարգային միջոցառման տարածք»,-ասել է Փաշինյանը: