Պատերազմից 5 պակաս՝ օրվա իշխանությունը կոտրում է բանակի ողնաշարը․ Դավիթ Ջամալյան

12 Ապրիլի 2024, 21:50

Քաղաքականություն

Երբ ի պատասխան թշնամու նախահարձակ գործողությունների՝ հայկական հենակետից կրակ են բացում, սա ռացիոնալ տրամաբանական անհրաժեշտ ինքնապաշտպանական քայլ է։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։

«Եթե, օրինակ, հենակետում որոշում են զվարճանալ ու կրակ են բացում, ապա նման դեպքերը, իհարկե, դատապարտելի են։ Բայց երբ ի պատասխան թշնամու նախահարձակ գործողությունների՝ հայկական հենակետից կրակ են բացում, սա ռացիոնալ տրամաբանական անհրաժեշտ ինքնապաշտպանական քայլ է։ Այսինքն՝ զինծառայողը կատարում է իրեն վերապահված սահմանադրական ֆունկցիան․ այն, ինչի համար ինքը գտնվում է մարտական հենակետում։

Զինծառայողի, հենակետի ավագի համար շատ դժվար է կողմնորոշվել՝ դիմացից կրակող թուրքը սադրո՞ւմ է, դա հարձակման սկի՞զբ է , թե ոչ, դրան հաջորդելո՞ւ է դիվերսիոն հարձակում, թե ոչ։ Սա հարձակում է և այդքանով ամեն ինչ ասված է, ու, բնականաբար, հենակետի ադեկվատ ռեակցիան պետք է լինի պատասխան կրակը»,- ընդգծել է Դավիթ Ջամալյանը։

Ռազմական փորձագետը նկատել է՝ մարտական դիրքերում հրամանատարական ստորին օղակը պիտի նախաձեռնող լինի ու չսպասի հրամանի։

«Հրամանատարական ստորին կազմը պիտի ունենա նախաձեռնողականության իրավունք։ Եվ մինչև զեկուցես՝ ինչ է կատարվում, մինչև հրաման գա, բանը բանից կարող է անցնել։ Ենթադրենք՝ ինտենսիվ կրակ են բացում հենակետի ուղղությամբ, որը հաձակման սկիզբն է կամ շեղող կրակ է, որպեսզի մեկ այլ տեղից դիվերոսիոն խումբ ներթափանցի, պատասխան կրակը կամ ավելին ասեմ, եթե թշնամին ինժներեկան աշխատանք է կատարում, քո խնդիրնէ թույլ չտալ, որպեսզի նա իր ինժեներական աշխատանքը ավարտին հասցնի»,- նշել է մեր զրուցակիցը։

Ջամալյանն ասել է, որ ներկայիս իշխանությունը կոտրում է հայկական բանակի ողնաշարը։

«Պատերազմից 5 պակաս՝ օրվա իշխանությունը կոտրում է բանակի բարոյական կորովը, ողնաշարը՝ անառողջ մթնոլորտ ստեղծելով։ Հիմա եթե վաղը ադրբեջանական բանակը հարձակման դիմելուց առաջ սկսի ինտենսիվ գնդակոծություն իրականացնել, այս դեպքից հետո հենակետի ավագը ինչ որոշում պետք է կայացնի, ինչ պետք է նա անի։ Նա ինչ գիտի՝ սա հերթական, ընդամենը հրաձգություն է լինելու, թե հարձակման սկիզբ է։

Անորոշություն, որոշման կայացման վճռականությունը կոտրվելու է ստորին հրամանատարական կազմի մոտ, մենք ժամանակ ենք կորցնելու։ Նախաձեռնողականությունը այդկերպ զիջում ենք թշնամուն՝ մեր նախաձեռնողականությունը մեր մեջ կոտրելով»,- եզրափակել է Դավիթ Ջամալյանը։