ԿԱՐԵՆ ԲԵՔԱՐՅԱՆ | 2025. Ի՞ՆՉ Է ԼԻՆԵԼՈՒ | ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ
19 Հունվարի 2025, 20:00
«2025. Ի՞նչ է լինելու. Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ» նախագծի շրջանակում Alpha News-ը զրուցել է «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Կարեն Բեքարյանի հետ:
Նա հիմքեր չի տեսնում, որ Հայաստանն ու Ադրբեջանն այս տարվա ընթացքում կստորագրեն «խաղաղության» պայմանագիրը, որի շուրջ բանակցում են 4 տարի: Ավելին, ըստ Կարեն Բեքարյանի, Երևանի ու Բաքվի միջև եղած գործընթացը բանակցություններ անվանել չի կարելի:
«Ադրբեջանը թելադրել է պայմաններ, իսկ Հայաստանի իշխանություններն ընդունել են դրանք: Սրանք, ըստ էության, բանակցություններ չեն: Ալիևը նկատել է, որ ինչ ուզում՝ստանում է, ցանկությունները ոչ միայն չեն վերջացել, այլև հակառակը՝ ավելացել են, որովհետև ախորժակն ուտելուց է բացվում: Ցանկությունները դարձել են պայմաններ, այսինքն՝ Բաքուն ասում է, որ այս կամ այն բանը լինելու դեպքում միայն կստորագրվի պայմանագիրը: Ալիևի մոտ զգացողություն կա, որ ժամանակն աշխատում է իր օգտին ու նա այդ փաստաթուղթը չստորագրելով փորձում է ինչ հնարավոր է պոկել: Բացի այդ, միայն բանակցություններով չեն հասնում խաղաղության պայմանագրի, այլև ընդհանուր ֆոնից պետք է հասկանաս դիմացինդ ուզո՞ւմ է, որ խաղաղություն լինի, թե՞ ոչ: Ադրբեջանից բարի կամքի դրսևորումներ չկան: Այդ փաստաթղթի հետ կապված Հայաստանի իշխանության մոլուցքն ու իրական խաղաղությունը իրարից շատ հեռու են»,- ասում է Կարեն Բեքարյանը:
Նրա կարծիքով, Ադրբեջանն ու Թուրքիան 2025-ին էլ փորձելու են Հայաստանից ստանալ Սյունիքով անցնող ճանապարհը, որը նրանք «Զանգեզուրի միջանցք» են անվանում: Ընդ որում, Բեքարյանը շեշտում է, որ այդ միջանցք կոչվածը ստանալու համար պարտադիր չէ, որ Բաքուն դիմի ուժի կիրառմանը: Այլ տարբերակ էլ կա:
«Հայաստանից հչել են հայտարարություններ, որ պատրաստ են պարզեցված կարգով Ադրբեջանին Սյունիքով տարանցիկ ճանապարհ տրամադրել: Իհարկե, հարց է առաջանում. իսկ կարո՞ղ է սա նույն բանն է, բայց այլ կերպ փաթեթավորված, չգիտենք, բայց մենք միաժամանակ տեսնում ենք պարտադրանք ու Հայաստանի իշխանությունների՝ դրա հետ կապված վարիացիաները: Իսկ թե իրականում ինչ է տեղի ունենում, հանրության համար տեսանելի չէ: Սուվերենություն բառը թողնում է, բայց Բաքվի ուզածն այլ կերպ ապահովո՞ւմ, անհասկանալի է»,- նշում է Կարեն Բեքարյանը:
Նրա գնահատմամբ, Հայաստանը չունի արտաքին քաղաքականություն, իսկ այն, ինչ այսօր փորձ է արվում ներկայացնել որպես արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիա, իմիտացիա է:
«Որտեղից այդ պահին վախենում են, նրա քմահաճույքն էլ կատարում են: Օրինակով բացատրեմ. մենք ՀԱՊԿ-ի ներսո՞ւմ ենք, թե՞ ոչ: Կարելի՞ է ամբողջ տարվա ընթացքում ասել, որ սառեցրել ենք անդամակցությունը կառույցին, անդառնալիությանը կետն անցել ենք, այդ դեպքում ինչի՞ չես դուրս գալիս ՀԱՊԿ-ից: Միայն այս օրինակը հիմնավորում է այն, որ այստեղ արտաքին քաղաքականություն չկա: ՀԱՊԿ-ից դուրս չեն գալիս, որովհետև
վախենում են ճնշումներից, անընդհատ սառեցվածության մասին հայտարարություններ են անում, որովհետև ճնշումներ կան էն մյուս կողմից:
Ու անընդհատ գտնվում են այս իրավիճակում, դրա համար եմ ասում, որ արտաքին քաղաքականություն չկա»,- հավելում է Կարեն Բեքարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: