Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

Ո՞վ է Փաշինյանին տվել աշխարհաքաղաքական ավանտյուրաների մանդատ

19 Դեկտեմբերի 2023, 13:35

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն։

Երկուշաբթի օրը, ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտնել է, որ ԵՄ անդամ չհանդիսացող 11 երկրներ, այդ թվում՝ Հայաստանը և Ադրբեջանը, միացել են ԵՄ խորհրդի՝ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության որոշմանը, որով պատժամիջոցներ են սահմանվում մարդու իրավունքների զանգվածային ոտնահարման համար պատասխանատու պաշտոնյաների, անձանց ու կազմակերպությունների դեմ։ Նշվում է, որ պատժամիջոցները երկարացվել են մեկ տարով՝ մինչև 2024 թվականի դեկտեմբերի 8-ը։

Նշենք, որ «Մագնիտսկու ակտ» օրենքը պաշտոնապես պատժամիջոցներ է նախատեսում ամբողջ աշխարհում կոռուպցիոներների և մարդու իրավունքները խախտողների դեմ, ինչպես նաև ԱՄՆ-ում նրանց սեփականության վրա կալանք դնելը։  Այս պատժամիջոցների ռեժիմի շրջանակներում ԵՄ մուտքի արգելք և ԵՄ երկրների տարածքում ֆինանսական ակտիվների սառեցում է սահմանվել Իրանի, Չինաստանի, Հյուսիսային Կորեայի, Ռուսաստանի, Սիրիայի և այլ երկրների քաղաքացիների, անվտանգության ուժերի և ընկերությունների նկատմամբ։

«Մագնիտսկու ցուցակն» ի հայտ է եկել ԱՄՆ-ում 2010 թվականին, և արդեն 2014 թվականին Եվրախորհրդարանն այս գործի շրջանակներում ընդունեց ևս մեկ բանաձև՝ ԵՄ երկրներ մուտքի արգելք և 32 գործիչների համար, ու իրենց եվրոպական ակտիվների սառեցում (եթե այդպիսիք կան), գործիչների, ովքեր, ըստ եվրոպացի պատգամավորների, անմիջականորեն պատասխանատու են աուդիտոր Սերգեյ Մագնիտսկու մահվան համար, ինչը պատճառ դարձավ Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների այս հերթական փաթեթի ներդրման համար։

2017 թվականին Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը նույնպես ներառվել է մուտքի արգելքի, ինչպես նաև ակտիվների սառեցման ենթակա անձանց այս ցուցակում։ Ստացվում է, եթե Բաստրիկինը կամ այս ցուցակում ընդգրկված որևէ ռուս պաշտոնյա, պաշտոնական Մոսկվայի ներկայացուցիչ ցանկություն հայտնեն այցելել Հայաստան, ապա այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է միանալ ԵՄ պատժամիջոցների այս ռեժիմին, այդ պաշտոնյան չի կարող այցելել Հայաստան:

Կարևոր է ընդգծել հետևյալը, բրյուսելյան տերմինաբանության մեջ ԵՄ խորհրդի որոշմանը միանալը կոչվում է «արտաքին քաղաքականության կուրսի համապատասխանեցում» Եվրամիության հետ։ Սա պարտադիր պահանջ է ԵՄ բոլոր թեկնածու երկրների համար։ Թեկնածուներից իրավաբանորեն պահանջվում է հետևողականորեն միանալ ու հետևել ԵՄ պատժամիջոցների բոլոր արգելքներին, առանց դրա նրանք չեն կարողանա բավարար առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության գործընթացում:

Եվ եթե Ուկրաինայի և Մոլդովայի պարագայում այս ռեժիմին միանալը միանգամայն տրամաբանական է թվում (Վրաստանի դեպքում այդպես կթվա), ապա ինչու՞ փաշինյանական Հայաստանը միացավ այս ռեժիմին։ Որևէ մեկը Հայաստանին ԵՄ-ին անդամակցելու թեկնածուի կարգավիճակ տվե՞լ է։ Կամ գոնե ԵՄ-ին անդամակցության թեկնածուի լինելու թեկնածուի կարգավիճակ։

Այս ակտը, ինչպես Հռոմի ստատուտի վավերացումը, միայն լարվածություն կհաղորդի Երևանի և Մոսկվայի հարաբերություններում՝ չստիպելով  եվրոպացիներին, որպեսզի իրենք, օրինակ, արագ Հայաստանին տան ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ։ Նույնիսկ Ուկրաինայի պատերազմը թույլ չտվեց պաշտոնական Կիևին ԵՄ-ին արագացված անդամակցություն ստանալ, էլ ուր մնաց Հայաստանի դեպքը… Դուք կարող եք  100 անգամ վնասել ինքներդ Ձեզ, հանձնել Ղարաբաղը, ճանաչել այն որպես «հին ադրբեջանական կայսրության մաս», դուրս բերել ռուսական ողջ կապիտալն ու ռազմական ներկայությունը երկրից, բայց սա չի փոխի ԵՄ դիրքորոշումը Հայաստանի եվրոպական հեռանկարների հարցում….

Բայց այստեղ իր հերթին մի շարք հարցեր են ծագում՝ ո՞վ և ե՞րբ է Նիկոլ Փաշինյանին աշխարհաքաղաքական արկածախնդրության մանդատ տվել։

Ո՛չ 2018-ին, ո՛չ 2021-ին Նիկոլ Փաշինյանը ժողովրդից աշխարհաքաղաքական արկածախնդրության մանդատ չի խնդրել, ավելին, և՛ 2018-ին, և՛ 2021-ին խոստացել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական գործընկերության մակարդակը կմնա նույնը։ Սա կարևոր հայտարարություն էր, քանի որ ոչ վաղ անցյալի իրադարձությունները («ֆուտբոլային դիվանագիտություն», ԵՄ-ի հետ Ասոցացման բանակցություններ) ցույց տվեցին, որ արտաքին քաղաքական վեկտորը փոխելու ագրեսիվ քաղաքականությունը հանգեցնում է ռազմավարական, հավասար գործընկերության մակարդակից Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների իջեցում կախվածության մակարդակի, որն ուղղակիորեն հակասում է ոչ միայն Հայաստանի շահերին, այլև Փաշինյանի նախընտրական և նույնիսկ հեղափոխական խոստումներին ու հետհեղափոխական պահվածքին։

Երբ Փաշինյանը առաջին անգամ դարձավ վարչապետ, նա «3 միլիոն վարչապետներին» ցույց տվեց վարչապետի նստավայրի ներքին հարդարանքը, վարչապետի նստավայրի սառնարանի պարունակությունը, նստավայրի իր աշխատասենյակից ուղիղ եթերներ դուրս եկավ և այլն: Հիմա, երբ նման բացահայտ աշխարհաքաղաքական արկածախնդրություն է ընթանում, և Հայաստանը միանում է ռուսաֆոբական ևս մեկ փաստաթղթի, այս քաղաքականության դրսևորումների մասին տեղեկանում ենք արտասահմանյան հրապարակումներից և օտարերկրյա պաշտոնյաների հայտարարություններից և ոչ «տիեզերքի պատմության մեջ ամենաբաց վարչապետից»։

Այսօր ընթանում են նաև հայ-ադրբեջանական և հայ-թուրքական բանակցությունները, քննարկվում է այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» նախագիծը, ընդ որում՝ պայմանագիր, որը, ըստ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի, կարող է երաշխավորներ չունենալ, և այս ամենի մասին մենք բոլորս տեղեկանում ենք երրորդ կողմերից։

Քանի դեռ Հայաստանում չեն եղել քաղաքական փոփոխություններ, մենք մշտապես բախվելու ենք տարածքային և մարդկային կորուստների, ինքնիշխանության մակարդակի նվազման վտանգի։ Հայաստանի իշխանություններն, ըստ էության, հակահեղափոխական են, քանի որ հեղափոխության գաղափարը երկրի ինքնիշխանության մակարդակի բարձրացումն էր, իսկ իշխանությունները հետևողականորեն նվազեցնում են այն։