Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Նուրբ քաղաքականություն Մեծ ռեպորտաժ Մեծ պատմություն Մամ ջան Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2026. ի՞նչ է լինելու 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

TRIPP-ի երրորդ կողմը Ռուսաստա՞նն է

17 Հուլիսի 2026, 12:00

(Տեղյա՞կ էր Նիկոլ Փաշինյանն ամերիկացիների որոշման մասին)

«ԱՄՆ պետական դեպարտամենտի որոշումը՝ նորաստեղծ «TRIPP+ Enterprise Fund» վենչուրային հիմնադրամի կառավարումը վենչուրային ներդրող Կոնստանտին Սոկոլովին փոխանցելու վերաբերյալ, կարող է հիմնովին փոխել ամերիկյան ներկայության ընկալումը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում: Պաշտոնապես ավելի քան 200 միլիոն դոլար կապիտալ ունեցող այս հիմնադրամը նպատակ ունի ներդրումներ կատարել տարածաշրջանի կենսական նշանակության ենթակառուցվածքների, էներգետիկայի, տրանսպորտի և օգտակար հանածոների արդյունահանման ոլորտներում՝ փաստացիորեն ապահովելով ռազմավարական «Թրամփի երթուղու» (TRIPP) ֆինանսական աջակցությունը։

Սակայն հիմնադրամի նշանակված նախագահի անձը ստիպում է բոլորովին այլ տեսանկյունից նայել այս զուտ ամերիկյան նախաձեռնությանը։ Կոնստանտին Սոկոլովը ոչ միայն խոշոր գործարար է, որը դարձել է ամերիկյան վարչակազմի խոշոր հովանավորներից մեկը և միլիոնավոր դոլարներ նվիրաբերել Սպիտակ տան նախագծերին։ Նա «խորքային ռուսական ծագմամբ» (եթե կարելի է այդպես արտահայտվել) ձեռնարկատեր է, ում գործարար կենսագրությունն անխզելիորեն կապված է Սանկտ Պետերբուրգի հետ, իսկ նրա ներկայիս գործունեությունը Հայաստանում ներառում է նախկին ռուսական պետական ակտիվների տնօրինումը՝

• Վիվա (նախկին Վիվա-ՄՏՍ),
• Օվիո (նախկին Ռոստելեկոմ),
• Թեղուտի հանքավայր (նախկինում ՎՏԲ-ն տնօրինում և ֆինանսավորում էր Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը)։

Այն փաստը, որ Մոսկվան առանց որևէ խոչընդոտի փոխանցել կամ վաճառել է իր պետական ակտիվները հենց Սոկոլովին, ուղղակիորեն մատնանշում է ռուսական իշխանությունների կողմից նրա հանդեպ ունեցած վստահության բարձրագույն մակարդակը և նրա բացարձակ ընդունելի լինելը Կրեմլի համար։

Այս համատեքստում բոլորովին նոր հնչեղություն են ստանում ռուս դիվանագետների նախկին հայտարարությունները։ Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և ռուս այլ պաշտոնյաներ նախկինում բացահայտ հայտարարել էին Մոսկվայի պատրաստակամության մասին՝ ուսումնասիրելու TRIPP նախագծին իր մասնակցության տարբերակները՝ ակնարկելով տարածաշրջանում «Ռուսական երկաթուղիներ» (ՌԵԿ) ընկերության եզակի փորձառությունը։ Դատելով Վաշինգտոնի վերջին կադրային որոշումներից՝ ամերիկյան կողմը ոչ միայն լսել է Մոսկվայից եկող ազդակները, այլև փաստացի ընդառաջ է գնացել դրանց։

TRIPP-ում ներդրումները համակարգող հիմնադրամի ղեկավարի պաշտոնում Սոկոլովի նշանակումը նման է նրբանկատ դիվանագիտական փոխզիջման։ Ռուսական պետական ընկերություններին ամերիկյան նախագծում ուղղակիորեն և քաղաքականապես բարդ եղանակով ներգրավելու փոխխարեն, Սպիտակ տունը կառավարման ֆինանսական լծակները փոխանցել է մի մարդու, ով խոսում է ռուսական էլիտայի հետ նույն լեզվով և մենթալ առումով պատկանում է ընդհանուր հետխորհրդային տարածքին. ընդ որում, նա այնքան ընդունելի է պաշտոնական Մոսկվայի համար, որ հենց նրան են վաճառվում Հայաստանում ռուսական պետական ակտիվները։

Թվում է, թե Դոնալդ Թրամփը հավատարիմ է մնացել իր պրագմատիկ տրամաբանությանը և Հարավային Կովկասը Մոսկվայի առաջնահերթ ազդեցության գոտի ոչ ֆորմալ ճանաչելուն։ Առանցքային հիմնադրամի նկատմամբ վերահսկողության փոխանցումը ռուսամետ խաղացողին նման է այն բանաձևի գործնական կիրառմանը, համաձայն որի՝ Վաշինգտոնը պատրաստ է տարածաշրջանում տնտեսական ազդեցությունը կիսել Կրեմլի հետ։

Իրադարձությունների նման շրջադարձը ծայրահեղ երկդիմի դրության մեջ է դնում Հայաստանի ղեկավարությանը։ Դեռ վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոգևորությամբ խոսում էր TRIPP-ի շրջանակներում էլեկտրահաղորդման գծերի շինարարության շուտափույթ մեկնարկի մասին՝ ընդգծելով, որ Վաշինգտոնից անձնական հավաստիացումներ է ստացել ԱՄՆ-ի համար այս նախագծի առաջնահերթության վերաբերյալ, իսկ նրա ենթակաները կա՛մ բացառում էին Մոսկվայի մասնակցությունը նախագծին, կա՛մ լռում էին այս հարցի շուրջ։ Երևանը TRIPP-ը ներկայացնում էր որպես յուրօրինակ «աշխարհաքաղաքական վահան», բայց ոչ թե Բաքվից և Անկարայից, այլ Ռուսաստանից։ Սակայն իրականությունը շատ ավելի դաժան ու ցինիկ գտնվեց։ Սոկոլովի նշանակումը ցույց է տալիս, որ Երևանի թիկունքում և նրա ուղղակի շահերն անտեսելով՝ Մոսկվան և Վաշինգտոնը, ըստ ամենայնի, կարողացել են կոնսենսուսի հասնել տարածաշրջանային հաղորդակցությունների հարցում։

Սա մեծ աշխարհաքաղաքական գործարքի դասական օրինակ է, որտեղ փոքր երկրները հաճախ հայտնվում են սոսկ օտար պլանների իրականացման տարածքի դերում։ Երբ Երևանը սեփական արտաքին քաղաքականության շրջանակներում պատրաստակամություն է հայտնում զիջել կամ ձևափոխել սեփական հաղորդակցությունների նկատմամբ վերահսկողությունը, այդ առանցքային երթուղիներն անմիջապես դառնում են սակարկության առարկա գլոբալ խաղացողների միջև։ Արդյունքում Հայաստանը ռիսկի է դիմում հայտնվել մի իրավիճակում, երբ իր ինքնիշխան տարածքով անցնող ենթակառուցվածքները կֆինանսավորվեն ամերիկյան հիմնադրամի կողմից՝ Մոսկվայի շահերի հետ սերտորեն կապված անձի փաստացի հսկողության ներքո՝ հայկական ղեկավարությանը թողնելով կողմնակի դիտորդի դերում, ով տեղյակ չէր ամերիկա-ռուսական պայմանավորվածությունների իրական բնույթից։

Մտածե՛ք այս մասին…»