Ռուս սահմանապահներն ապահովել են Հայաստանի սահմանի թիկունքը. Կոնստանտին Սիվկով

Ռուս ռազմական փորձագետ Կոնստանտին Սիվկովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է լուրն այն մասին, որ ռուս սահմանապահները կլքեն Տավուշի, Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված այն կետերը, որտեղ տեղակայված էին 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են ռուս զինվորականների և սահմանապահների դուրսբերման շուրջ Հայաստանի որոշ շրջաններից։ Ըստ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի՝ «հայկական կողմի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան Իրանի և Թուրքիայի հետ սահմանին»։

Կոնստանտին Սիվկովի կարծիքով՝ դա կարող է հանգեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ևս մեկ ռազմական հակամարտության:

«Դա միանշանակ կապված է Հայաստանի ղեկավարության որոշման հետ, որը որդեգրել է Հայաստանը «հակառուսականության» վերածելու ուղեգիծը։ Սա կհանգեցնի նրան, որ մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև ևս մեկ ռազմական հակամարտության մեծ ռիսկ կառաջանա մի պարզ պատճառով՝ Հայաստանն ինքն է հրաժարվում ռուսական «կտուրից»։ Արևմտյան «տանիքը», ինչպես ցույց է տալիս Ուկրաինայի օրինակը, անվտանգություն չի ապահովում, իսկ Թուրքիան շահագրգռված է Նախիջևանը Ադրբեջանին կապող ազատ միջանցք ստանալու հարցում, այսինքն՝ հենց այդ «Զանգեզուրի միջանցքն» անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ։ Հայաստանը դրան չի համաձայնում։ Եթե Հայաստանը համաձայնի դրան, ապա, իհարկե, հակամարտություն չի լինի, բայց այդ դեպքում Հայաստանը կկտրվի և կկորցնի իր տարածքի մի մասը։ Իսկ հեռավոր հեռանկարում այդ կուրսի պահպանումը կհանգեցնի հայ ժողովրդի կողմից իր պետականության կորստին»,- ասել է Սիվկովը։

Նրա խոսքով՝ ռուս սահմանապահները մինչ այդ Հայաստանի սահմանը պահելու խնդիր էին լուծում, և ռուս սահմանապահների վրա հարձակումը նշանակում էր հարձակում Ռուսաստանի վրա։ Սա նշանակում է, որ Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխիքն ապահովել է ոչ միայն իր ընդհանուր նշանակության ուժերով, այլ ընդհուպ մինչև միջուկային զենք, իսկ հիմա դա չկա։ Մոտ ժամանակներս ես կանխատեսում եմ, որ Փաշինյանը կպահանջի դուրս բերել Գյումրիի ռուսական ռազմաբազան, և այդ ժամանակ Հայաստանը մենակ կմնա Թուրքիայի և Ադրբեջանի հետ», — եզրափակել է Սիվկովը։