Ռուսաստանի գավաթի խաղերը կսկսվեն Նիկիտա Սիմոնյանի հիշատակին նվիրված արարողությամբ

14 Հոկտեմբերի 2026, 09:15

Մշակույթ

Ռուսաստանի գավաթի խաղերը, որոնք տեղի կունենան հոկտեմբերի 13-15-ը, կսկսվեն ծափահարություններով՝ ի հիշատակ օլիմպիական չեմպիոն Նիկիտա Սիմոնյանի։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ռուսաստանի ֆուտբոլային միության (ՌՖՄ) մամուլի ծառայությունից։

Հոկտեմբերի 12-ին լրացել է Սիմոնյանի ծննդյան 100-ամյակը։ Նրա հիշատակին նվիրված կլինեն Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) մրցաշրջանի չորրորդ տուրի հանդիպումները։

«32 թիմերի ֆուտբոլիստներն ու մարզիչները խաղադաշտ դուրս կգան հատուկ մարզաշապիկներով, որոնց վրա կլինի խորհրդանշական 100 թիվը և Նիկիտա Սիմոնյանի բազմաթիվ մարզական նվաճումների մասին հիշատակումներ։

Երկրպագուների հետ միասին հանդիպումների մասնակիցները մեկ րոպե ծափահարություններով իրենց հարգանքի տուրքը կմատուցեն լեգենդար ֆուտբոլիստին, մարզչին և ֆուտբոլային գործչին։ Մարզադաշտում, հեռուստաէկրանների առջև և համացանցում մարդիկ կտեսնեն Սիմոնյանի՝ որպես ֆուտբոլիստի և մարզչի մասին եզակի արխիվային կադրեր և կլսեն նրա ձայնը»,-հայտնել են ՌՖՄ-ից։

Նիկիտա Սիմոնյանը կյանքից հեռացել է 2025 թվականի նոյեմբերի 23-ին՝ 99 տարեկանում։ Նա 1956 թվականին Մելբուռնում կայացած Օլիմպիական խաղերի հաղթող էր, ԽՍՀՄ քառակի չեմպիոն և ԽՍՀՄ գավաթի կրկնակի դափնեկիր։ Սիմոնյանը Մոսկվայի «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկուն է՝ 160 գոլով։

Որպես մարզիչ՝ նա երեք անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն և չորս անգամ նվաճել երկրի գավաթը, գլխավորել է ԽՍՀՄ հավաքականը։ Ավելի քան 30 տարի նա զբաղեցրել է ղեկավար պաշտոններ խորհրդային և ռուսական ֆուտբոլում՝ սկզբում աշխատելով ԽՍՀՄ ֆուտբոլի ֆեդերացիայում, ապա՝ Ռուսաստանի ֆուտբոլային միությունում։