Ռուսաստանի հետ կապերի թուլացումը կարող է ծանր հետևանքներ ունենալ Հայաստանի համար․ Կոնստանտին Տասից

02 Հունիսի 2026, 21:50

Քաղաքականություն

Ռուս քաղաքագետ Կոնստանտին Տասիցը «Լազարյան ակումբ»-ի նիստի շրջանակում Alpha News-ին մեկնաբանել է ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարներն ու Հայաստանի կողմից Եվրասիական տնտեսական միության հետ կապերի թուլացման հնարավոր հետևանքները։

«Ինձ թվում է, որ Հայաստանը ցանկացած պարագայում մնում է Ռուսաստանին մոտ երկիր։ Մեզ կապում են երկարամյա պատմական հարաբերություններ, գոյություն ունեն հսկայական հումանիտար կապեր։ Ռուսաստանում ապրում է մեծաթիվ հայկական համայնք, ինչը նշանակում է, որ մարդկային շփումները շարունակվում են։ Պահպանվում է նաև տնտեսական հարաբերությունների զգալի ծավալը։ Անկախ հարաբերությունների հնարավոր սառեցումից՝ մենք տեսնում ենք, որ բարձրագույն մակարդակում քաղաքական հարաբերությունները պահպանվում են, և մենք շարունակում ենք մնալ ռազմավարական դաշնակիցներ։

Սա այն հիմքն է, որը թույլ է տալիս ասել՝ հարաբերություններն, այս կամ այն կերպ, շարունակելու են զարգանալ։ Բայց թե ինչ ձևաչափով դա տեղի կունենա, մեծապես կախված է նաև հայկական կողմից՝ նրանից, թե զարգացման որ ուղղությունն է այն ընտրելու։

Եթե Հայաստանը ընտրի Ռուսաստանի հետ կապերի աստիճանական թուլացման և Եվրոպական միության հետ հարաբերությունների խորացման ուղին, ապա դա մեկ սցենար է։ Իսկ եթե ցանկանում է իրականացնել իրական դիվերսիֆիկացիա և բազմավեկտոր արտաքին քաղաքականություն, ապա դա ենթադրում է Ռուսաստանի հետ առկա հարաբերությունների պահպանումն ու զարգացումը՝ զուգահեռաբար համագործակցելով նաև այլ ուժային կենտրոնների հետ»,- ասել է Տասիցը։

Փորձագետի խոսքով՝ Ռուսաստանի հետ կապերի թուլացումը կարող է Հայաստանի համար հանգեցնել լուրջ տնտեսական հետևանքների։

«Ռուսաստանի հետ կապերի թուլացումը, հատկապես եթե այն հանգեցնի Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալուն, հղի է ծանր տնտեսական հետևանքներով, քանի որ Հայաստանը ԵԱՏՄ-ից առավել շահող երկրներից մեկն է։ ԵԱՏՄ-ին անդամակցելու շնորհիվ Հայաստանը վերջին տասը տարիների ընթացքում ավելի քան երկուսուկես անգամ մեծացրել է իր համախառն ներքին արդյունքը։ Աճում են առևտրի ծավալները, զարգանում են բոլոր արդյունաբերական ճյուղերը՝ սննդարդյունաբերությունը, հանքարդյունաբերությունը և այլն։

Այս առումով այն հեռանկարները, որոնք ներկայացնում է Եվրոպական միությունը, առայժմ բավականին անորոշ և տեսական բնույթ ունեն։ ԵՄ-ն դեռևս չի առաջարկում հստակ այլընտրանքներ Հայաստանի էներգետիկ և պարենային անվտանգության հարցերում։ Մինչդեռ ԵԱՏՄ-ն արդեն իսկ իրեն ապացուցած կառույց է, որը վերջին տարիներին իրական օգուտ է բերել թե՛ Հայաստանի բնակչությանը, թե՛ երկրի տնտեսությանը»,- եզրափակել է Տասիցը։

Հիմա եթերում