Ռուսաստանն անտարբեր չի մնա Հայաստանում ընթացող գործընթացների նկատմամբ․ Կոնստանտին Տասից

Քաղաքագետ Կոնստանտին Տասիցն անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին և դրանց զարգացման հեռանկարներին՝ ելնելով ներկայիս քաղաքական իրավիճակից։

«Փաշինյանի այցը ցույց տվեց, որ կողմերի միջև հարաբերությունների բավական բարձր մակարդակը պահպանվում է։ Մասնավորապես, դրա մասին է վկայում այն, որ հենց Փաշինյանը հայտարարեց մարդասիրական և ռազմատեխնիկական ոլորտներում մի շարք համաձայնությունների ձեռքբերման մասին և այլն։

Միևնույն ժամանակ այն բացահայտեց նաև մի շարք հակասություններ, որոնց մասին խոսեց Ռուսաստանի նախագահը։ Դրանք, ի թիվս այլոց, վերաբերում են Հայաստանի արտաքին քաղաքական կուրսին, քանի որ, ինչպես տեսնում ենք, չնայած հայտարարված դիվերսիֆիկացիային, փաստացի տեղի է ունենում Հայաստանի ուղղվածություն դեպի Արևմուտք, այսինքն՝ Ռուսաստանի հետ կապերի թուլացում՝ Արևմուտքի հետ դրանց ուժեղացման հաշվին։ Միաժամանակ Հայաստանը փորձում է համատեղել ԵԱՏՄ-ին անդամակցությունը Եվրամիության հետ, ինչն անհնար է»,- ասել է Տասիցը։

Ըստ քաղաքագետի՝ ԵԱՏՄ-ն ստիպված կլինի միջոցներ ձեռնարկել իր տնտեսական իրավասությունը պաշտպանելու համար, եթե Հայաստանը մոտենա եվրոպական ինտեգրացիոն կառույցներին։

«Ռուսաստանի նախագահի խոսքերից հետևում է, որ Ռուսաստանն անտարբեր չէ Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին և կարձագանքի դրանց՝ պաշտպանելու իր սեփական շահերը։ Մասնավորապես, եթե Հայաստանը մերձենա Եվրոպական միության հետ՝ ի վնաս Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ստանձնած պարտավորությունների, ապա ԵԱՏՄ երկրները կպաշտպանեն իրենց շուկաները՝ խստացնելով ստուգումները և սահմանելով որոշակի սահմանափակումներ հայկական ապրանքների նկատմամբ։ Սա բացասաբար կազդի ինչպես երկկողմ առևտրաշրջանառության, այնպես էլ, ակնհայտորեն, Հայաստանի տնտեսական աճի վրա»,-ընդգծել է Տասիցը։