Ռուսաստանը վստահելի դաշնակից և առևտրային գործընկեր է ԱՊՀ անդամ երկրների համար. Միշուստին
06 Հունիսի 2025, 16:08
2024 թ. վերջին ավարտվել է ԱՊՀ մարմիններում Ռուսաստանի Դաշնության նախագահության ժամկետը։ Այս ընթացքում նշանակալի միջոցներ են ձեռնարկվել էներգետիկայի, լոգիստիկայի, մտավոր սեփականության, պարենային անվտանգության, տրանսպորտային համալիրի և նորարարության ոլորտներում։ Այս ամենն ապահովել է ԱՊՀ ինտեգրման նոր որակ։ Այս մասին Դուշանբեում ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
Նա նշել է ԱՊՀ-ի և Եվրասիական տնտեսական միության միջև համագործակցության ընդլայնման և դրանց նորմատիվ-իրավական կարգավորման սերտացման կարևորությունը, ինչպես նաև ԱՊՀ գործընկերներին հրավիրել է միանալ ԵԱՏՄ-ում գործող մեխանիզմներին։
Մասնավորապես, Եվրասիական տնտեսական միությունը հատուկ ուշադրություն է դարձնում արդյունաբերական համագործակցության զարգացմանը։ Միության երկրների ընկերությունների համատեղ նախագծերը ֆինանսական աջակցություն են ստանում միության բյուջեից՝ նման նախաձեռնությունների իրականացման համար առևտրային բանկերի կողմից տրված վարկերի սուբսիդավորվող տոկոսադրույքների տեսքով։ Բացի այդ, մշակվում են գյուղատնտեսության համար աջակցության նմանատիպ մեխանիզմներ։
Միության արտաքին տնտեսական կապերն ամրապնդելու նպատակով համաձայնագիր է ընդունվել միասնական մաքսային տարանցիկ համակարգի մասին։ Այն բաց է բոլոր երկրների համար և թույլ է տալիս միանալ Եվրասիական տնտեսական միության տարածքով փոխադրումներին, նվազեցնել բիզնեսի ծախսերը և բարձրացնել միջսահմանային մատակարարումների անվտանգության մակարդակը։
Ինչպես նշել է Միշուստինը, Ռուսաստանը պատրաստ է աջակցել նախաձեռնություններին, որոնք թույլ կտան բացահայտել Համագործակցության ողջ ներուժը, և կոչված են բարելավելու կյանքի որակը։
Աշնանը Մոսկվայում կկայանա «Intervision» միջազգային երաժշտական մրցույթը։ ՌԴ վարչապետը մրցույթին հրավիրել է ԱՊՀ երկրների ստեղծագործական խմբերին:
«Սա լավ հնարավորություն է՝ ցույց տալու մեր ժողովուրդների ազգային մշակույթների եզակի ավանդույթներն ու ժամանակակից ձեռքբերումները: Եվ, իհարկե, միջոցառումը կդառնա հումանիտար համագործակցության զարգացման կարևոր հարթակներից մեկը, այդ թվում՝ ԱՊՀ-ում»,-եզրափակել է Միշուստինը:
Նշենք, որ հունվարից ԱՊՀ-ի նախագահությունն անցել է Տաջիկստանին։