Ռուսերենի իմացությունը Հայաստանից հաջող միգրացիայի բանալին է․ Վոլոդին
27 Հունիսի 2025, 00:15

ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը կառավարական ժամի ընթացքում ընդգծել է Հայաստանում ռուսաց լեզվի իմացության մակարդակի բարձրացման կարևորությունը:
Նա նշել է, որ ՀՀ-ից Ռուսաստան են գալիս զգալի թվով աշխատանքային միգրանտներ, որոնցից շատերը ռուսերեն լավ չեն խոսում, չնայած աշխատում են ռուսական տնտեսության տարբեր ճյուղերում, մասնավորապես, ճանապարհաշինության ոլորտում:
Վոլոդինի խոսքով՝ այս իրավիճակը պահանջում է Հայաստանի իշխանությունների ուշադրությունն ու մասնակցությունը. անհրաժեշտ է ստեղծել վերապատրաստման համակարգ, որը կապահովի Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիների ռուսաց լեզվի իմացությունը: Նա հիշեցրել է, որ ԵԱՏՄ շրջանակներում ազատ տեղաշարժը արտոնություն է, որը պահանջում է որոշակի պատասխանատվություն, այդ թվում՝ լեզվական պատրաստվածությունը:
Վոլոդինը նաև նշել է, որ միութենական պետության լեզվի իմացությունը պետք է պահպանվի պետական մակարդակով և անընդունելի է գործընկեր երկրներում ռուսաց լեզվի դիրքերի թուլացումը:
Նա կոչ է արել ՌԴ-ի նախարարություններին և գերատեսչություններին երկխոսություն հաստատել հայ գործընկերների հետ ռուսաց լեզվի առաջխաղացման և ՀՀ-ում լեզվական քաղաքականության բարելավման հարցի շուրջ: