«Սորոսական մի խումբ կա, որը փորձում է թատերական աշխարհն իրենով անել». Արթուր Սահակյան
13 Հունիսի 2025, 22:50
Ի սկզբանե, երբ հայցը կասեցվեց, այդ ընթացքում «Գոյ» թատրոնն իր բնականոն աշխատանքը շարունակում էր։ Այս մասին Alpha News-ին ասել է փաստաբան Կարո Ասատրյանը։
«Չեն սպասել ո՛չ արդարադատությանը, ո՛չ իրավական գնահատականին, և «Գոյ» թատրոնը լուծարվել է։ Եթե նույնիսկ իրավական առումով դիտարկենք, որ թատրոնի աշխատակիցները «նախկին» էին, և իրավական կարգավորումներով այդ մարդկանց, մեր համոզմամբ, ոչ իրավաչափ հրամաններով ազատեցին աշխատանքից, ապա սրա իրավական շղթան պետք է շարունակվեր այն հանգամանքով, որ այդ նույն հաստիքներին այլ անձանց պետք է ներգրավեին։ Բայց այսօր «Գոյ» թատերական միավորումը գոյություն չունի»,- ասել է նա։
Իր հերթին, «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանը նշել է, որ իրենք մինչև վերջ գնալու են։
«Մեղավորները պետք է պատժվեն։ Սա որևէ արդարացում չունի»,- ասել է նա։
Հստակեցնող հարցին, թե ում նկատի ունի, Արթուր Սահակյանը պատասխանել է․
«Նախ, նկատի ունեմ Արայիկ Խզմալյանին, որը հիմա Մատենադարանն է «քանդում», և որը սկսեց այս գործը, երկրորդ՝ Սունդուկյանի թատրոնի «կեղտոտ» տնօրինությանը։ Նրանք են նախաձեռնողները։ Սորոսական մի խումբ կա թատերական, որը փորձում է թատերական աշխարհն իրենով անել։ Եվ եթե արվեստը քաղաքացիական չեղավ, դա կնմանվի «գլադիատորների»՝ ստրուկների թատրոնի»։