Սումգայիթն առաջին մեսիջն էր, որ տրվեց հայերին և ամբողջ աշխարհին. Մարինա Գրիգորյան

28 Փետրվարի 2024, 22:32

Կարծիք | Քաղաքականություն

«Գոլոս Արմենիի» թերթի գլխավոր խմբագրի տեղակալ, Արցախի հարցով փորձագետ Մարինա Գրիգորյանի հետ Alpha News-ը զրուցել է Սումգայիթի արյունալի ջարդերի մասին:

Մեր հարցին, թե ի՞նչ իմաստ փնտրել Միրզոյան-Բայրամով հանդիպումը հենց փետրվարի 28-29-ին կազմակերպելու մեջ, Գրիգորյանը պատասխանել է, որ Ադրբեջանն՝ ունենալով սեր դեպի սիմվոլիզմը, հատուկ է ընտրել հենց այդ օրերը.

«Սիմվոլիզմի հանդեպ նրանց սերը մենք տեսել ենք թե 44-օրյա պատերազմում, թե դրանից հետո: Ես կարծում եմ, որ հայկական կողմն, ունենալով մի փոքր հարգանք դեպի Սումգայիթում և Ադրբեջանի այլ հատվածներում սպանված հայերի հանդեպ, պետք է՝ գոնե 1-2 օր հետաձգեր այդ հանդիպումը»:

Արցախի հարցով փորձագետը նշել է՝ Սումգայիթն առաջին մեսիջն էր, որ տրվեց հայերին և ամբողջ աշխարհին, որ նա անցնում է իր հիմնական նպատակին՝ 20-րդ դարի սկզբին սկսված հայերի ցեղասպանության շարունակությանը։

«Ադրբեջանը նաև ցանկանում էր ցույց տալ, թե ինչ է սպասվում, եթե հայությունը շարունակի Արցախի համար մղվող ազգային-ազատագրական պայքարը: Նրանք ուզում էին ցույց տալ, որ Արցախը կհեղեղեն արյունով»,- ասել է փորձագետը։

Գրիգորյանը հավելել է, որ առաջին արձագանքը փետրվարի 22-ի իրադարձություններն էին, որոնց ժամանակ շատ մեծ թվով ադրբեջանցիներ շարժվեցին դեպի Ասկերան՝ փորձելով ճեղքել հայերի դիմադրությունն ու հասնել Ստեփանակերտ:

«Դա նրանց չհաջողվեց։ Մենք բացի անմեղ զոհերից ունեցանք նաև հերոսական դրվագներ, երբ բոլոր կողմերից շրջապատված ադրբեջանցիներով, մերոնք ցույց տվեցին հզոր դիմադրություն»,- ասում է նա։

Փորձագետի խոսքով՝ այդ ոճրագործությունը չի ստացել այն իրավական և քաղաքական գնահատականը, որը պետք էր, բայց1988թ. հուլիսին Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդն ընդունել է փաստաթուղթ, որով Սումգայիթի դեպքերը որպես ցեղասպանություն ճանաչեց և անմիջականորեն կապեց 1915 թվականի դեպքերի հետ:

«Դա մի գնահատական էր, որը նույնիսկ անկախ Հայաստանի խորհրդարանը հետագայում չտվեց»,- հավելել է նա։