Գրին քարտ ստանալու համար դիմող օտարերկրացիները պարտավոր կլինեն լքել ԱՄՆ-ը
24 Մայիսի 2026, 19:50
Սպիտակ տունը փոխել է գրին քարտ ստանալու կանոնները․ այժմ դիմումները կարելի է ներկայացնել միայն ԱՄՆ-ի սահմաններից դուրս գտնվելիս։ ԱՄՆ Քաղաքացիության և ներգաղթի ծառայությունը հայտարարել է գրին քարտերի՝ մշտական բնակության և աշխատելու իրավունքի տրամադրման ընթացակարգի էական փոփոխությունների մասին։
Այսուհետ օտարերկրյա քաղաքացիները կկարողանան դիմում ներկայացնել միայն արտերկրում գտնվելու դեպքում։
Սա նշանակում է, որ ԱՄՆ-ում արդեն տարբեր հիմքերով բնակվող անձինք նախ ստիպված կլինեն լքել երկիրը, այնուհետև արտասահմանից ներկայացնել իրենց փաստաթղթերը և միայն դրական որոշում ստանալուց հետո վերադառնալ ԱՄՆ։ Գործընթացը կարող է տևել մի քանի ամիս։
Նախկինում դիմումների մոտ կեսը ձևակերպվում էր հենց ԱՄՆ-ի ներսում, և դիմորդները կարող էին սպասել որոշմանը՝ մնալով երկրում։
Գերատեսչության մամուլի քարտուղար Զաք Քալեբի խոսքով՝ նոր կարգը թույլ կտա խուսափել այն իրավիճակներից, երբ մերժում ստացած դիմորդները շարունակում են անօրինական կերպով մնալ ԱՄՆ-ում։